«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցանկանում են բանկերի տույժերն ավելացնելով պետբյուջեն լցնել
«Եթե կա ստանդարտ և այդ ստանդարտից շեղում, այն պետք է պատժվի և այդ պատիժը պետք է լինի համաչափ»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով իր և Բաբկեն Թունյանի «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի համար սահմանված են ցածր տուգանքի չափեր` առաջին անգամ` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք և ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ:
Նկատելով, որ այդ տուգանքը գանձում է Կենտրոնական բանկը, պատգամավորը հայտնեց, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար 300 հազար դրամների գանձման ինստիտուտը ենթարկվել է փոփոխության, և այդ գումարը քաղաքացին այլևս չի կարող ստանալ:
Օրենքի հեղինակները գտնում են, որ ԿԲ-ն պատիժ սահմանելու համար անհամեմատ ավելի շատ գործողություններ է անում և պետք է համարժեք գումարներ գանձվեն խախտում կատարած բանկից:
Շեշտելով, որ չնայած ԿԲ-ն վերջին տարում ընդամենը 4 անգամ է կիրառել այդ գործիքակազմը՝ Արտակ Մանուկյանը հայտնեց, որ վերջինիս հետ խորհրդակցելով եկել են այն համոզման, որ տուգանքները պետք է մեծանան՝ առաջինի խախտման դեպքում՝ մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս քան 300 հազարը, երկրորդ խախտման դեպքում՝ մինչև 1 մլն, բայց ոչ պակաս քան 500 հազար և և երրորդի դեպքում՝ մինչև 2 մլն, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը:
«Այստեղ գայթակղություն չկա, ինչպես ճանապարհային ոստիկանության այն ռեֆորմների դեպքում էր, քանի որ այդ բոլոր հավաքագրված գումարներն ըստ էության գնալու են պետական բյուջե»,- հիմնավորեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Սպառողը վնաս է կրում, բայց դուք պետբյուջեի հաշվին գանձում եք գումարը, որ ի՞նչ լինի»:
Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ եթե սպառողը՝ քաղաքացին ցանկանում է փոխհատուցում ստանալ կարող է դիմել դատարան:
Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ եթե մի պետական ֆինանսական օղակին՝ ԿԲ-ին տույժ կիրառելու լծակ է տրվում, ապա ավելի նախընտրելի է, որ այդ գործիքով լուծվի նաև սպառողի փոխհատուցման հարցը և այն չթողնվի ֆինանսական հարցերում պակաս կոմպետենտ դատարանների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին