Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված
Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված։ Մասնագետների մի խումբ այն համոզմանն է, որ հանքարդյունաբերությունը չի կարելի դիտարկել տնտեսության համար եկամտաբեր ոլորտ ՝ երկարաժամկետ կտրվածքով։ Հսկատ չեն գնահատվում վնասներն ու օգուտները, որպեսզի հնարավոր լինի դնել նժարին ու հասկանալ ոլորտը Հայաստանի տնտեսությանն օգուտ է բերում, թե՝ ոչ։ Կարճաժամկետ կտրվածքով կարող ենք ասել, որ այո, քանի որ խոշոր հարկատուներն են, սակայն երկարաժամկետ կտրվածքով ՝ նույն պնդումը չկա։
Հետպատերազմյան շրջանում կորուստներ ունեցանք նաև հանքարդյունաբերության ոլորտում։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Panorama.am»-ի հետ զրույցում հայտնեց համոզմունք, որ հետևանքները տնտեսության վրա տեսանելի կլինեն տարեվերջին։
«Սոտքի հանքավայրի տարածքային կորստից հետո, ակնհայտ է , որ կնվազի արտադրությունը, կունենանք ծավալների կկրճատում, երկաթուղու փոխադրումների հետ կապված խնդիրներ և այլն։ Սոտքի աշխատանքների կրճատման հետ կապված խնդիրները նաև Արցախում է առաջացել, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են։ Այս խնդիրները պետք է ինչ-որ կերպ լուծվեն և դրա պատասխանը պետք է տա իշխանությունը կամ Կառավարությունը»,-ասաց Խաչատրյանն ու անդրադարձավ նոր հանքավայրերի շահագործման նպատակահարմարությանը, այդ թվում՝ Ամուլսարին։
«Ամուլսարի շահագործումը չպետք է դիտարկել որպես փրկօղակ, ես չեմ գտնում որ դա է փրկօղակը։ Պարզապես պետք է նստել և հաշվարկել վնասներն ու օգուտները և ամենակարևոր հարցի պատասխանը պետք է տալ՝ Ամուլսարի շահագործումը վնաս հասցնում է շրջակա միջավայրին, բնապահպանական խնդիրներ առաջացնում է,թե՝ ոչ։ Եթե՝ այո, ուրեմն չի աշխատում, եթե՝ ոչ, ուրեմն աշխատում է։ Պարզ խնդիր է դրված, որի պատասխանը մինչև հիմա չկա։ Բայց ,եթե նույնիսկ շահագործվի էլ, զուտ Հայաստանի տնտեսության զարգացման առումով պետք չէ մեծ հույսեր կապել դրա հետ։ Ավելի երկարաժամկետ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնել»,-նշեց տնտեսագետը։
Մասնագետի կարծիքով՝ պետք է երկարատև աշխատատեղերի հարց լուծել, այս պահին՝ Սևանի տարածաշրջանի բնակիչների համար,որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Խաչատրյանի համոզմամբ ՝ զբաղվածությունն ապահովելու առումով Կառավարությունը պետք է հատկապես ուշադրություն դարձնի գյուղատնտեսության ոլորտին։
«Հայաստանի այսօրվա իրավիճակում տնտեսական ճյուղը, որն ունի պոտենցիալ և զարգացման հնարավորություն, գյուղատնտեսություն է։ Պաշտոնական վիճակագրությունը ևս հուշում է, որ մեծ քանակությամբ վարելահողեր և գյուղատնտեսության համար պիտանի հողեր չեն օգտագործվում»,-ասաց նա։
Այսուհանդերձ, մինչև հիմա պարզ չէ, թե գործող Կառավարությունը ինչպես է տեսնում ոլորտում առաջացած խնդիրների լուծումը։ Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործման հարցին, ապա 2,5 տարվա ընթացքում կառավարությունը զգալի գումարներ ծախսեց փորձաքննությունների, ուսումնասիրությունների համար, սակայն հարցը ցայսօր առկակված է օդից։ Թեև տնտեսագետները նշում են, որ հացն ավելի քան պարզ է, սակայն իշխանությունն այս պարզ հարցի պատասխանն այդպես չունի։
Հիշեցնենք, որ երջանկահիշատակ գիտնական, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում էր Ամուլսարի շահագործման հետևանքով սպասվելիք խնդիրների մասին, պնդում էր, որ հանքավայրի շահագործման հետևանքով առաջացող ռիսկերն անկառավարելի են։
Գիտնականը համոզված էր, որ հանքավայրի տեղադիրքից ելնելով՝ այն չպիտի շահագործվի:
«Շահագործումը վտանգելու է հանրապետության և ընդհանրապես տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Արմատական խնդիրը ջրերի որակի փոփոխությունն է: Ջուրը մեր տարածաշրջանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական ռեսուրսն է։ Հետևաբար, հանքի շահագործումը առաջացնելու է ինտեսնիվ թթվային դրենաժ, որն առաջինը վնասելու է Սպանդարյան-Կեչուտ թունելը։ Այն կդառնա դրենաժային խոռոչ, ապա ջրերը ոչ կենտրոնացված կգնան տարբեր ուղիներով և դուրս կգան մակերևույթ: Արդյունքում զգալի տարածքում չի լինի պիտանի խմելու, մաքուր ջուր»,-իր ելույթներից մեկում նշել էր գիտնականը։
Հարակից հրապարակումներ`
- Այս կառավարությունն որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցը. Դանիելյան
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
- Արմեն Սաղաթելյան «Հանքարդյունահանումը լուրջ ռիսկեր է ենթադրում մասնավորապես հետագա սերնդի համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան