Չինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է`չխառնվել իր ներքին գործերին
Միացյալ Նահանգների իշխանությունները պետք է զերծ մնան ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտելուց, քանի որ Չինաստանի ղեկավարությունը չի անտեսի նման ոտնձգությունները և միջոցներ կձեռնարկի երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ՉԺՀ ներկայացուցիչ Յան Ցզեչի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռխոսազրույցին։
«Վաշինգտոնը պետք է պահպանի «միասնական Չինաստանի»սկզբունքը և չխախտի մեր երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները», - մեջբերում է նրա խոսքը Չինաստանի ԱԳՆ կայքը:
Նա նշել է, որ Հոնկոնգին, Սինցզյանին և Տիբեթին վերաբերող բոլոր հարցերը Չինաստանի ներքին քննարկման խնդիրներ են, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դրանց։
Ինչպես նշել է Յան Ցզեչը, Պեկինը մտադիր չէ հանդուրժել Չինաստանին զրպարտելու փորձերը:
«Մենք շարունակելու ենք ամուր պաշտպանել մեր երկրի պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը, այն շահերը, որոնցից կախված է մեր երկրի զարգացումը», - շեշտել է նա:
Քաղբյուրոյի անդամի խոսքով, չինական կողմը նաև խորհուրդ է տալիս ԱՄՆ ղեկավարությանը չմոռանալ, որ Թայվան կղզին ՉԺՀ-ի անբաժանելի մասն է:
«Մենք պնդում ենք, որ Միացյալ Նահանգները շտկեն վերջերս կատարված սխալները», - հավելել է Յան Ցզեչը։