Գնում ենք դեպի մեր դարավոր դաշնակից. «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժում
Մեկնարկել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համաժողովը:
Համաժողովի համակարգող Վահրամ Մկրտչյանի խոսքով, Հայաստանն այսօր ապրում է բարդ ժամանակներ, վտանգված է հայոց պետականությունը, հայությունը շփոթության մեջ է։
«Մեզ միտումնավոր տարել են պարտության, եթե այդպես չէ, ուրեմն այդ պարտությունը մեր գլխին կապել են տգետ, անփորձ ու ամբարտավան իշխանությունները։ Երկու դեպքում էլ այսօր մեր պետականությունը վտանգված է։ Այս պարտությունը չէր լինի, եթե մենք ունենայինք մեկ նպատակ ու մեկ գաղափար՝ ամուր կանգնած մնալով մեր քրիստոնեական արժեքների վրա։ Կարծում եմ նաև, որ մենք ազգովի չունենք սեփական երազանք, և այդ երազանքի, նպատակի բացակայությունը մեզ ամբողջ աշխարհով մեկ թափառական է դարձնում։ Իսկ այդ թափառումներում մենք ոչ թե գաղափար ենք փնտրում, այլ՝ բարեկեցություն։ Իսկ այդ բարեկեցությունն՝ առանց արժեքների, առոչինչ է»,- նկատեց նա։
Վահրամ Մկրտչյանը նշեց՝ եթե ազգը չունի հավաքական նպատակ, նրա էներգիան պակասում է, իսկ այդ դեպքում պետություն-օրգանիզմը թուլանում ու քայքայվում է։
«Մինչև նոր իշխանությունների գալը հայությունը կենտրոնացած էր մեկ գաղափարի շուրջ՝ լուծել հայկական հարցի արցախյան դրսևորումը։ Եվ մենք ազգովի փորձում էինք Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնել ամբողջ աշխարհում։ Մինչդեռ, իշխանափոխությունից հետո արևմտյան հայտնի կենտրոնների աջակցությամբ մեր ազգի մեջ ներմուծեցին կեղծ արժեքներ»,- ասաց նա։
Ըստ բանախոսի, այս պատասխանատու պահին արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչ պետք է անի հայ ժողովրդի ազգասեր հատվածը։
«Արցախյան առաջին պատերազմից հետո մենք փնտրում ենք դաշնակիցներ, որ կարողանանք բարեկեցիկ ապրել և կերտել մեր ապագան։ Շատ հաճախ մեր հայացքը թափառել է այս ու այն կողմ, և մենք հեռացել ենք մեր եղբայր ժողովրդից։ Մենք, ըստ էության, դնում ենք նոր բովանդակություն, և գնում ենք դեպի մեր դարավոր դաշնակից»,- նկատեց Վահրամ Մկրտչյանը։