Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների վերադարձը հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։
Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները:
Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն իր արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ գործարարներին զրկել են տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից. ՄԻՊ
- ՄԻՊ-ը ներկայացրել է «կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ»
- ՄԻՊ արտահերթ զեկույցը
- ՄԻՊ. Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզը
- ՄԻՊ. Սյունիքի գյուղերի հարևանությամբ հարբած ադրբեջանցիները տարբեր զինատեսակներից կրակոցներ են արձակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան