Ֆեռնանդու Սանթուշ. «Ոչ-ոքին ավելի արդարացի արդյունք կլիներ»
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշը հիասթափված է Ֆրանսիայի ընտրանու հետ խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից: Նրա խոսքերով՝ ոչ-ոքին ավելի օրինաչափ արդյունք կլիներ:
«Մենք վատ չսկսեցինք հանդիպումը և լավ էինք վերահսկում գնդակը,- Սանթուշի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Մեր թիմն ակտիվորեն գրոհում էր եզրերով, և ինչ-որ պահի ես որոշեցի Քրիշտիանու Ռոնալդուին ավելի մոտ դիրքավորել Էդերին: Առավելությունը մեր կողմն էր, սակայն գոլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակից: Այսպիսին է ֆուտբոլը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Կարծում եմ՝ ոչ-ոքին ավելի օրինաչափ արդյունք կլիներ: Դե ինչ, հիմա պետք է պատրաստվենք Ալբանիայի հավաքականի հետ խաղին»: