Ռուսաստանում հայտնել են, թե երբ հնարավոր կլինի այլևս դիմակներ չկրել
Եթե ռուսները շարունակեն պահպանել կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցները, ապա պարտադիր դիմակ կրելու ռեժիմը կարող է չեղարկվել արդեն այս տարի: Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ամենակարևորը հիմա` չբավարարվել ձեռքբերածով և շարունակել պահպանել COVID-19- ի տարածումը կանխող բոլոր միջոցները: Այս դեպքում 2021-ին մենք կունենանք մեր դիմակները հանելու բոլոր հեռանկարները, և դա շատ առումներով կախված է մեզանից»,- Պշենիչնայային մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նա նաև հիշեցրեց, որ երբ երկրում մարդկանց 60-70% -ի մոտ իմունիտետ ձևավորվի վիրուսի դեմ, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել COVID-19 համաճարակի ավարտի մասին: Ըստ նրա՝ ներկայումս կորոնավիրուսի դեպքերի հետ կապված իրավիճակը լավատեսություն է ներշնչում, ինչը բնակչության շրջանում շարունակվող զանգվածային պատվաստումների արդյունք է: