Գործարարներն ու գիտնականները պահանջում են պետբյուջեի 4 տոկոսը հատկացնել գիտությանը
«Հայաստանի անվտանգության ապահովման և թռիչքային զարգացման համար անհրաժեշտ պայման է հզոր գիտական ներուժը, և այս պարզագույն ճշմարտությունից ելնելով՝ պետք է ավելացվեն պետական հատկացումները գիտության ոլորտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Robomart» ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը:
Նա նշեց, որ իրենք ստեղծել են «Գիտուժ» նախաձեռնությունը, և նպատակ ունեն զարկ տալ Հայաստանում գիտության զարգացման գործընթացին։ Ըստ նրա, այժմ պետք է ավելացնել գիտության գրավչությունը երիտասարդների համար։
«Եվ դրա համար անհրաժեշտ պայման է աշխատավարձերի ավելացումը»,- նշեց Տիգրան Շահվերդյանը։
«EarlyOne» և «Limetech» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանի խոսքով, իրենց պահանջն այն է, որ այս տարի գիտության ֆինանսավորումն առնվազն 50 տոկոսով ավելացվի, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում, որը հիմա քննարկվում է ԱԺ-ում, ֆիքսվի, որ գիտությանը հատկացվող միջոցները 2024 թվականից սկսած լինեն պետբյուջեի 4 տոկոսին համարժեք։
«Դա պետք է աստիճանաբար ավելացվի, այսինքն՝ 2022 թվականին պետք է դառնա 2 տոկոս, 2023-ին՝ 3 տոկոս։ Իսկ այս քայլն անելուց առաջ, երբ պետությունը հանձնառություն կվերցնի ու գիտությանը հատկացվող միջոցները կդարձնի բավարար, անհրաժեշտ է հստակեցնել ու քարտեզագրել եղած ռեսուրսներն ու այդ ամենը համադրել մեր երկրի, պետության ռազմավարության հետ։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինչի համար է այս ամենն արվում, ինչ հնարավորություններ կան։ Պետք է կառուցվի համակարգ և ձևավորվի հստակ զարգացման մեթոդոլոգիա, որը թույլ կտա այդ ամեն ինչի արդյունավետությունը բարձրացնել։ Եվ վերջնական ծրագիր ստանալուց հետո արդեն պետք է սկսենք իրականացնել այն»,- ներկայացրեց Գևորգ Սաֆարյանը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Կասարջյանն էլ նկատեց՝ եթե նախկինում կրթությունն ու գիտությունը մի փաթեթի մեջ էին դրվում և ներկայացվում, ապա 2021-2025 թթ. ծրագրում իրենք առանձնացնում են գիտությունը՝ որպես առանձին ռազմավարական ուղղություն։
«Մենք ուզում ենք այնպես անել, որ մասնավոր ոլորտը, պետությունն ու մեր գիտական ինստիտուտները համատեղ աշխատեն, որ կարողանան ձևավորել խնդիրներ, որոնց լուծումը լուրջ ներդրում կդառնա մեր պետության համար։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ պետք է պետբյուջեի 4 տոկոսը հատկացվի գիտությանը։ Մեր ոլորտին ամենաշատն այժմ խանգարում է մարդկային ուժի հետ կապված խնդիրը։ Եվ այս դեպքում ֆիանսականին պետք է ավելացնենք նաև մարդկային ռեսուրսի խնդիրը։ Եվ այն երեխաները, որոնք բուհը գերազանցությամբ են ավարտում, պետք է գիտությամբ զբաղվելով շահագրգռված լինեն»,- կարծիք հայտնեց Րաֆֆի Կասարջյանը։
Գիտական հետազոտությունների հիմքի վրա ստեղծված «Krisp» ընկերության համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանն էլ նշեց, որ իրենք լավ օրինակ են՝ ցույց տալու, որ գիտության միջոցով հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։
«Ես 2016 թվականից սկսել եմ զբաղվել աղմուկի հեռացման խնդրով ու մեկ տարի անց մենք ստացել ենք տեխնոլոգիա, որն աշխարհում լավագույնն է։ Ու որոշեցինք ստեղծել ընկերություն, որն արժի 120 մլն դոլար։ Սա շատ լավ օրինակ է, թե ոնց կարելի է գիտական հետազոտության արդյունքը դարձնել պրոդուկտ։ Հուսով եմ, որ ՀՀ-ում գիտությունը մեծ թափ կհավաքի, ու գիտության վրա հենված ընկերություններն էլ կզարգանան»,- ասաց Արտավազդ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան