Արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են. Էդմոն Մարուքյան
«Դուք Նիկոլ Փաշնյանին թողած ընդդիմության դաշտում եք մեղավորներ փնտրում։ Այո, ուզում եք՝ ես կասեմ, որ մեղավոր եմ ամեն ինչի համար, պատերազմը ես եմ պարտվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, մարդիկ հիմնական մեղավորին թողած անընդհատ ընդդիմադիր դաշտում են մեղավորներ փնտրում։
«Անդադար մեղավոր եք փնտրում այնտեղ, որտեղ պետք չի փնտրել։ Մենք հանդիպել ենք վարչապետի հետ, ամեն քայլ արել ենք, որ ճգնաժամը հանգուցալուծվի»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ շատ սոցիոլոգներ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկել է, փողոցով էլ հեռանալու է, Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ ինքն այդպիսի ինֆորմացիա չունի։
«Ես իրեն ճանաչելով գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։
Հարցին, թե այդ դեպքում իրենք ինչո՞ւ են պայքարում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Որ հեռանա»։
Պատգամավորն առաջարկեց հետ գնալ մի քանի տարի առաջ եղած քաղաքական գործընթացներին և ասել՝ ինչ-որ մեկը նախատեսո՞ւմ էր, որ հնարավոր է ՀՀ-ում հեղափոխություն լինի։
«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի ուզում որևէ պարագայում հեռանալ, բայց կկարողանա՞ այդպես պահել իշխանությունը, կարծում եմ՝ ոչ»,- նկատեց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի, այսպես թե այնպես, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են։
«Քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու և իշխանությունը գնալու է ընտրությունների։ Մենք շարունակում ենք մեր քաղաքական օրակարգը կետ առ կետ առաջ մղել։ Մենք չենք սպասում, որ արտահերթ ընտրություններ լինեն, նոր զբաղվենք գերիների հարցով, մենք հիմա էլ զբաղվում ենք գերիների հարցով։ Մենք հիմա էլ զբաղվում ենք բանակաշինության հարցով, հիմա էլ օրենսդրական նախաձեռնություն ենք բերում, որով առաջարկում ենք հանել այն սահմանափակումը, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայողներին թույլ տալ աշխատել՝ մինչև 45 տարեկանը։ Մենք ունեք հազարավոր ուժեղ տղերք, որոնց 45-ը լրացել է, և նրանք չեն կարողանում ներգրավվել ծառայությունում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Մենք դեմ ենք եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին
- Փաշինյանի՝ արտահերթ ընտրության առաջարկը դրական արձագանք չի ստացել ԱԺ ընդդիմության կողմից