Կրթական համակարգի կազմաքանդման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում․ Հովհաննես Հովհաննիսյան
«Կրթական համակարգի կազմաքանդման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում»,- այս մասին գրել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշիչներին։
«2020թ. բուռն քննարկումներ ու թեժ բանավեճեր եղան ՀՀ Հանրակրթության պետական նոր չափորոշիչների վերաբերյալ: Հրապարակվեցին քննադատական կարծիքներ, դիտողություններ, կոնկրետ առաջարկություններ: Այդուհահդերձ, ՀՀ կառավարությունը 04.02.2020թ. հետևողականորեն հաստատեց մի շարք թերություններ և բազմաթիվ վիճարկելի դրույթներ ունեցող փաստաթուղթը:
Այն որ, ուսումնական շաբաթը 6-օրյայից 5-օրյա դարձնելու և սովորողին 7 տարեկանի փոխարեն 6 տարեկանից դպրոց տանելու շնորհիվ 10-ամյայից 12-ամյայի վերածած դպրոցական կրթության համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, կրթական նոր չափորոշիչների ջատագովներն էլ են ընդունում: Բայց որ իրենց քայլերով այդ խնդիրներին նոր խնդիրներ են ավելացնում, նկատել չեն ուզում:
Բազմիցս առիթ ունեցել եմ բարձրաձայնելու կրթական հաստատություններում սովորողի գիտելիքների գնահատման հարափոփոխ, ոչ միասնական և կրթական նոր չափորոշիչներով վերջնականապես դեգրադացվող համակարգի թերությունների մասին:
Չափորոշիչների հեղինակները գնահատման նոր համակարգի հիմքում դրել են երկու առանցքային «նորամուծություններ»՝
Ա) 1-ինից մինչև 5-րդ դասարանի 1-ին կիսամյակը ներառյալ հանվում է թվային գնահատման սկզբունքը: Գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով (կետ 41):
Բ) Թվային գնահատման սանդղակի կիրառման դեպքում էլ «որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ» (կետ 36):
Այս «նորամուծությունները» շարունակությունն են տարիներ ի վեր տվյալ ոլորտում ընթացող դեգրադացման գործընթացների:
ՆԱԽ:
Տարիներ ի վեր, կրթական համակարգի միջազգայնացման քողի տակ, կատարվում են գնահատման համակարգերի փոփոխության ոչ ցանկալի գործընթացներ: Նախկինում լայնորեն կիրառվող՝ գիտելիքների գնահատման 5-միավորանոց համակարգում նվազագույն դրական գնահատականը «3»-ն էր (է): Այդ ընտրությունը հիմնավորված էր (է) կրթական ընդհանուր քաղաքականությամբ:
Սովորողի գիտելիքները «բավարար» կարող են գնահատվել, երբ նա յուրացրած լինի դասընթացի սահմանված ծրագրի կեսից ավելին, այսինքն սովորողի «կատարողականը» պետք է կազմի նվազագույնը 60%: («3»-ը կազմում է 5-միավորանց սանդղակի 60%-ը):
Կրթական համակարգում վճարովի հատվածի ձևավորման և մրցակցային սկզբունքների ներմուծմանը զուգահեռ արդարացիորեն սկսեցին կիրառվել գիտելիքների գնահատման առավել զգայուն սանդղակներ: ՀՀ մասնագիտական կրթական հաստատություններում լայն տարածում գտավ 20-միավորանոց համակարգը, որտեղ սկզբում «10», իսկ հետո «8» միավորը սահմանվեց որպես նվազագույն դրական գնահատական: Դրանք 20-միավորանոց սանդղակում ունեն համապատասխանաբար՝ 50% և 40% տեսակարար կշիռ:
Փաստորեն, նվազագույն դրական գնահատականի շեմն իջեցվեց սկզբում 10, ապա 20%-ով: Դժվար չէ նկատել, որ 20-միավորանոց սանղղակը 5-միավորանոցի փոխակերպելու պարագայում առաջինի «8» միավորը համապատասխանում երկրորդի «2»՝ «անբավարար» գնահատականին: Նույնն է պատկերը նաև հանրակրթական հաստատություններում կիրառվող 10-միավորանոց սադնղակի դեպքում, որտեղ նվազագույն դրականի շեմը սահմանված է «4» միավորը:
Իհարկե, ցածր դասարաններում, երբ դեռ դպրոցական կրթական համակարգին փոքրերի ադապտացվելու գործընթացներ են ընթանում, և դեռ նոր են ձևավորվում նրանց գիտելիքները թվերի մասին, գնահատման անվանական-բնութագրական եղանակը կիրառելն արդարացված է մի շարք առումներով: Սակայն երբ սովորողն արդեն որոշակի պատկերացումներ ունի թվերի, թվաբանական գործողությունների մասին, գնահատման թվային եղանակը չկիրառելը և միայն բնութագրականով սահմանափակվելը ճիշտ չէ:
Թվային-միջակայքային գնահատման համակարգը պետք է ներմուծվի աշակերտների թվաբանական գիտելիքների ձևավորմանը զուգնթաց, երբ նրանք արդեն իսկ ունեն թվերի բաղդատման և դրանց հետ որոշակի գործողություններ կատարելու հմտություններ:
Զարմանալի է, թե ինչու թվայնացող աշխարհում, գիտելիքների ու տեղեկատվության թվայնացման 21-րդ դարում մեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ը խուսափում է տարրական և միջին դասարաններում (օր.՝ 2-րդ դասարանի 2-րդ կիսամյակից սկասած) գիտելիքների գնահատման թվային-միջակայքային եղանակը կիրառելուց:
ԵՐԿՐՈՐԴ:
Ի՞նչ է նշանակում՝ «10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ» (կետ 36):
Այս կեղծ հումանիստական թեզ-դիրքորոշմամբ տգիտությունը խրախուսելուց բացի, ի՞նչ մտածելակերպ, ի՞նչ աշխարհայացք, ի՞նչ հոգեբանություն են ցանկանում սերմանել չափորոշիչների հեղինակները կրտսեր սերնդի, ապագա քաղաքացիների գիտակցության ու ենթագիտակցության մեջ:
Այն՝ որ չկա՞ անհաջող վիրահատություն: Կա կատարված աշխատա՞նք:
Այն՝ որ չկա՞ ոչ կոմպետենտ ու անհաջողակ քաղաքական ու պետական գործիչ: Չկա՞ նախարարության անբավարար գործունեություն: Պարզապես կան հաջողության տարբեր աստճաննե՞ր, և չկա՞ անհաջողություն:
Այն՝ որ չկա՞ անհաջող կառավարում. յուրաքանչյուր կառավարում արդեն իսկ «հաջողության որոշակի մակարդա՞կ է»:
Այն՝ որ չկա՞ պարտություն: Ամեն մի մասնակցություն պատերազմում արդեն իսկ հաջողության որոշակի մակարդակ է, եթե անգամ պարտվե՞լ ենք:
Ստիպված եմ հերթական անգամ ներկայացնել հետևյալ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Գիտելիքների և հմտությունների գնահատման բառային-բնութագրական սկզբունքը որպես հիմնական պետք է կիրառել հանրակրթական դպրոցի 1-ին դասարանում և 2-րդ դասարանի 1-ին կիսամյակում: Դրանից հետո նպատակահարմար է անցնել քանակական գնահատման: Իսկ բառային-բնութագրական սկզբունքը, կարող է կիրառվել, ավելին՝ ցանկալի է կիրառել որպես օժանդակ միջոց:
2. Կրթական հաստատություններում կիրառվող գնահատման սանղդակներում բավարար գիտելիքի նվազագույն շեմը աստիճանաբար բարձրացնել մինչև 60%-ը՝ նկատի ունենալով հաստատված ծրագրային նյութի 60%-ի յուրացումը և կամ կատարողականը: Այս սկզբունքը գործում է աշխարհի առաջատար կրթական հաստատություններում, ինչպես նաև հայաստանյան առանձին բուհերում»,- գրել է Հովհաննես Հովհաննիսյանը։