Վահե Հովհաննիսյան. Ով է խաղում մեզնով և որն է այս խաղի վերջաբանը
Այլընտրանքային նախագծեր խումբ անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է հրապարակել.
«Այսօրվա Հայաստանը
Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք։ Այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը և ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս տարածքը չունի իշխանություն և լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձևական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։ Չունենք բյուջե և գոյատևում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակավորապես լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։
Մեր տարածքի թեմայով գնում է արտաքին առևտուր. դրանք կոչվում են կոմունիկացիոն բանակցություններ։ Մենք դրանց ներկայացված ենք խիստ ձևական՝ կես մարդու կարգավիճակով։
Տարածքի բնակչության զգալի մասը հակված է «արտագնա կյանքի», առկա է ֆիզիկական ոչնչացմանսպառնալիք, կանգնած ենք տարածքի շարունակական կորստի և տնտեսական փլուզման նախաշեմին։
Ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ։ Տեղի հայության ֆիզիկական անվտանգությունը ժամանակավորապես ապահովում են ռուս խաղաղապահները։ Տեղի հայությանը և Հայաստանին արգելված է ունենալ սեփական անվտանգությունը քիչ թե շատ ապահովող որևէ համակարգ։
Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հայությունը առաջիկա տարիներին զանգվածաբար դուրս գա Արցախից։
Ադրբեջանը սպառնում է մեզ միջազգային դատական հայցերով։ Մենք ոչինչ չենք ձեռնարկում։Ադրբեջանը մշակում է Արցախի շուրջ և Արցախի գրավված տարածքներում տնտեսական խոշոր ծրագրեր, կառուցվում են խոշոր ադրբեջանաբնակ բնակավայրեր։ Խնդիրը Արցախը խեղդելն է։
Եթե մենք հասկանում ենք այս իրականությունը, ապա պարտավոր ենք ճիշտ ձևակերպել մեր առաջնահերթ խնդիրները.
1. Կանգնեցնել պետության փլուզումը
2. Փորձել փրկել Արցախից մնացած հատվածը։
Մնացած բոլոր հարցադրումներն արհեստական են։
Այս խնդիրները լուծելու մի ճանապարհ կա՝ Հայաստանում իշխանության ձևավորումը։ Հայաստանում պետք է լինի իշխանություն, որպեսզի երկրի կենսապահովման բոլոր օղակները սկսեն աշխատել, որպեսզի փոխվի երկրում մթնոլորտը։
Հայաստանում կա հասարակական մի փոքր շերտ, որը սա լավ հասկանում է։ Այդ շերտի միակ անելիքը ինքնակազմակերպվելն է, ժողովրդին իրականությունը պարզ բացատրելն է, ժողովրդին ոտքի հանելն է (սա կազմակերպչական աշխատանք է պահանջում) և օրինական իշխանության ձևավորումը։ Իշխանություն, որը կաշխատի ու կփորձի հնարավորինս լուծել նշված երկու խնդիրը։
Իսկ արտահերթ ընտրությունների թեմայի «կիսափակ պատուհանը» և իշխող ուժի գիշերային հայտարարությունն ուղղակի բերելու են ոչ ընտրական մեխանիզմներով ներքին լարվածության էական աճի՝ եռացող կաթսան մի պահի պայթելու է։
Այսօր Հայաստանում կա ՄԵԿ հոգու խունտա, որը կամ չի հասկանում կամ թքած ունի այս իրականության վրա, և կա ոչ իշխանական հարթակ, որին հասկանալը գնալով անհնար է դառնում։
Մնացած ամեն ինչը դիտորդական առաքելություն է. կանգնած դիտում ենք, թե ինչպես ենք կորցնում պետականությունը։
Անհասկանալի խաղի ժանրում
Տպավորություն է ստեղծվում, թե Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի հետ «Синий кит» են խաղում։ Հայաստանի ղեկավարի վարքագիծը, կատարվածի և մի ամբողջական սերնդի սպանդի փաստի հանդեպ նրա աննկարագրելի սառնասրտությունն իսկապես ստեղծում են տպավորություն, թե նա ինչ-որ տոտալիտար խաղի մասնակիցն է։
Երկու տարի շարունակ նրան թելադրված և նրա կողմից անմռունչ կատարած քայլերի հետևանքը Արցախի կորուստն է , 5 հազար զոհը, 10 հազար վիրավորը։
Բայց խաղը շարունակվում է, ու դրա հետագա ընթացքը, մյուս հետևանքները, որ ծրագրավորվում են ինչ-որ անառողջ գլուխներում, բերելու է Հայաստանի կազմաքանդմանը։ Ու քանի դեռ մենք հանդուրժում ենք Փաշինյանի իշխանությունը, մեր երկիրը գտնվելու է այդ պայմանական «Синий кит»-ի տրամաբանության մեջ։ Հրեշավոր խաղի կանոններով՝ վերջում ինքնասպանությունն է։ Դատելով ընթացքից՝ ինքնասպանության է մղվում մեր պետությունը։
Շարունակելի»:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան․ «Զգուշացեք, նրանք քվեարկելու են»
- Վահե Հովհաննիսյան. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են
- Վահե Հովհաննիսյան. Ուսապարկի միջի ռումբը
- Վահե Հովհաննիսյան. Երեք անխուսափելի քայլ
- Վահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ
- Վահե Հովհաննիսյան. Պետությունը դուրս բերել շոկային վիճակից
- Վահե Հովհաննիսյան. «Շշկռվե՞լ», թե՞ լրջանալ, այս է խնդիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին