Քաղաքացին Ձեզ մեղադրում է քաղաքական պատվերով ապօրինի որոշումներ դակելու մեջ. Սամսոնյան
«Մենք նամակ ենք ստացել քաղաքացի Հովսեփ Խուրշուդյանից, որտեղ ասվում է՝ Լիլիթ Թադևոսյանը մեղսակից է Եվրադատարանի կողմից օրերս ապօրինի ճանաչված Սարի թաղի գործով իմ և իմ պայքարակիցների կալանավորումների որոշումները ուժի մեջ թողնելու, ինչպես նաև նախկին իշխանությունների պատվերով ապօրինի որոշումներ դակելու հարցում»,- այսօր խորհրդարանում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին։
Պատգամավորը նշեց՝ արդարացի կլինի, որպեսզի հիմա վերոնշյալ հարցին պատասխան տրվի։
Պատասխանելով հարցին՝ Լիլիթ Թադևոսյանն ասաց, որ ծանոթ է այդ խնդրին։
«Եվրոպական դատարանը 2020 թվականի դեկտեմբերին հաստատել է ՀՀ-ի միակողմանի հայտարարությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը ընդունել է տվյալ գործով եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման փաստը, և Եվրադատարանն իր վճռով հասատել է ՀՀ-ի միակողմանի հայտարարությունը։ Ավելին չեմ կարող մեկնաբանել։ Այո, ես այդ գործին մասնակցել եմ, հանդիսացել եմ պալատի դատավոր»,- նշեց նա։
Որպես արձագանք Անի Սամսոնյանն ասաց. «Այսինքն՝ բացառվո՞ւմ է, որ Ձեր մասնակցությունը գործին՝ որպես մասնակից դատավոր, պայմանավորված լինի որևէ քաղաքական նպատակադրմամբ։ Քաղաքացու նամակում նշվում է, որ դուք կարող էիք քաղաքական պատվերի մասնակից լինել»։
Ի պատասխան՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն ասաց՝ բացառվում է, որ իր կողմից կայացած որևէ դատական ակտ պայմանավորված լինի քաղաքական պատվերով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին