Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք
Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությամբ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվել է Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմա թիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։
Տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի վերջից թույլատրվում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ artsakhtert.com-ի հաղորդմամբ, կիրակի օրերին ռուս խաղապահները ուղեկցում են ուխտավորներին դեպի վանական համալիր, որտեղ էլ հավատավոր ժողովուրդը մասնակցում է Պատարագին, հաղորդություն ստանում։ Ի դեպ, վանական համալիրը ներկայումս վերահսկում են ՌԴ խաղաղապահ ուժերը, չնայած տարածքում տեղակայվել են ադրբեջանցիները։
Համաձայն պայմանավորվածության, փետրվարի 7-ի կիրակի օրը ժամը 8.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվել է դեպի Դադիվանք։ Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։
Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված «Դժոխքի ավերումը» սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։ Ուխտավորների խումբը մոտեցել է վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին։ Ըստ նախնական պայմանավորվածության, խումբը պիտի մտներ Դադիվանք, սակայն ադրբեջանցիները հոխորտալով արգելել են՝ պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն խմբի մասին։
ՌԴ խաղաղապահ ուժերը և ուխտավորների խմբի պատասխանատուն բազմիցս պարզաբանել են, որ ամեն ինչ հստակեցված է և բոլորն էլ տեղեկացված են, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի էին։ Վերջիններս ստիպել են, որ ուխտավորների խումբը վերադառնա Գետավան և սպասի ճշտումների։ Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցել են դեպի Դադիվանք, սակայն, այնտեղ ևս երկար սպասել տալով,ադրբեջանցիները չեն համաձայնել բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձել են Ստեփանակերտ։Ուխտավորները խնդրել են ՌԴ խաղաղապահ ուժերին գոնե սրբապատկերը հասցնել Դադիվանք։ Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյանների։
«Ի՞նչ նոր հրաման ու պայմանավորվածություն ունեն ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված, որի մասին տեղյակ չեն ՌԴ խաղաղապահ ուժերը, կամ` արդյո՞ք սա հերթական սադրանք էր. ժամանակը ցույց կտա»,- գրել է հրապարակման հեղինակ Զարինե Մայիլյանը:
Այս հրապարումը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ու գրել. «Հուսանք՝ ամեն ինչ կհարթվի և կհարգվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Այս եկեղեցականներն են պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը
- «Դադիվանքից՝ Երևան»
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
- Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը
- Տեր Վահրամ. Մեր եկեղեցականները Դադիվանքում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան