Արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները. Տարոն Սիմոնյան
«Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մեծ փաթեթներ են բերվում, և մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պատրաստ է մարսել դատաիրավական բարեփոխումները»,- այսօր խորհրդարանում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին։
Պատգամավորը նշեց, որ մասնագետները կարծիք են հայտնում, թե այդ բարեփոխումներում որոշ լավ բաներ կան, բայց համակարգը դրանց պատրաստ չէ, ու շատ հնարավոր է՝ բողոքարկող ակտերի քանակը կտրուկ աճի, կամ այլ իրավական գործընթացներ տեղի ունենան։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Լիլիթ Թադևոսյանն ասաց՝ այն, որ քրեական դատավարության օրենսգրքում բավականին լուրջ փոփոխություններ են կատարվել, անվիճելի է, բայց խնդիր է առաջանալու այն առումով, որ լինելու է անհրաժեշտություն՝ վերանայելու կայացված դատական ակտերի մի հսկայական ծավալ։
«Բայց ես չեմ ուզի, որ մենք ձեռնպահ մնանք դատական բարեփոխումներից, եթե դրանք նպաստելու են և՛ դատական համակարգի բարելավմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի առաջընթացին։ Բայց օբյեկտիվորեն, այո՛, մենք կանգնելու ենք լուրջ ծանրաբեռնվածության առաջ։ Եվ այդ փոփոխությունները պետք է համակարգային լինեն, դրանց հետ համահունչ նաև պետք է դատաիրավական այն փոփոխություններն արվեն, որոնք կթեթևացնեն ծանրաբեռնվածությունը»,- նկատեց նա։
Տարոն Սիմոնյանն էլ, արձագանքելով նշեց, որ համակարծիք է Լիլիթ Թադևոսյանի հետ։
«Եթե լավ բան ենք անում, պիտի անենք։ Ուղղակի պետք է համակարգված մոտեցում ցուցաբերենք, որ մեր արած լավ բանը չդառնա վատ բան։ Ես սպասում եմ, որ դուք էլ փոփոխություններ առաջարկելիս շեշտեք՝ ինչ ազդեցություններ ու ռիսկեր կարող են բերել այդ փոփոխությունները։ Լավ բան անել առանց համակարգային մոտեցման, կարծում եմ, իմաստ չունի»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին Ձեզ մեղադրում է քաղաքական պատվերով ապօրինի որոշումներ դակելու մեջ. Սամսոնյան
- ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան