«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում թեժ աշխատանք է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաև Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ կան մի քանի հարցերի քննարկումներ և նիստեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, և նրանք ուղարկվեցին թոշակի։
Դատական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը կքննարկվի մարտի 16-ին: Արդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը կքննի պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, և որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի»։