Շնորհակալագրեր ու կոչումներ՝ սպիտակ բանակին
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվել են շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվել է զինվորական կոչումներ: Հայտնում են համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Նրանք, ովքեր իրանց պարտքը կատարեցին և ողջ մնացին նույնպես հերոսներ են: Ուրախալի է, որ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել նաև ողջ հերոսներին»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ հաղթահարելով դժվարին փորձությունները՝ սպիտակ բանակը վերահաստատեց պատրաստակամությունը լինել ժողովրդի կողքին և կատարեց իր առջև դրված ինչպես բժշկական, այնպես էլ ռազմական խնդիրները:
«Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, որոնք միշտ մեզ հետ կլինեն՝ բուհի մի մասը: Նրանք հավերժացան՝ պատիվ բերելով համալսարանին»,-շեշտել է ռեկտորը՝ առանձնահատուկ ողջունելով այն տղաներին, որոնք ռազմաճակատում կոփվեցին և ապացուցեցին իրենց վեհ առաքելությունը:
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծել է, որ բժշկական համայնքն իր մասնակացությամբ նպաստեց վիրավորների ապաքինմանը:
«Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ համախմբվելով վիրավորների շուրջ, կարող ենք նպաստել նրանց արագ ապաքինմանն ու շարք վերադարձին»,-ասել է ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ զինվորական բժիշկը հաղթում է, երբ ապաքինված զինվորը վերադառնում է շարք:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը բարձր գնահատելով ԵՊԲՀ-ի հետ համագործակցությունը՝ փաստել է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ ռազմական համալսարանում վիրավորների բուժումը կազմակերպելու ընթացքում ականատես է եղել ՌԲՖ կուրսանտների կողմից կազմակերպված, հայ բժշկին վայել կեցվածքի: