ԱԺ օրակարգում 16 հարց կա, դրանցից գեթ մեկը ադեկվատ չէ. Տարոն Սիմոնյան
«4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ ուժերին դուրս բերել Արցախից»,- այսօր ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Նրա խոսքով, սա նաև այն ժամանակն է, երբ հայկական կողմը պետք է պատրաստվի նման հավանական զարգացման։
«Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ օգտագործվող ժամանակահատվածին մենք արդյունավե՞տ ենք տիրապետում, թե՞՝ ոչ։ Հիմա նայում եմ, այս օրակարգում 16 հարց կա, և ես ուզում եմ գտնել այս 16 հարցերից գեթ մեկը, որն ադեկվատ է։ Որպես պատմաբան ինձնից լավ գիտեք, թե ժամանակի գործոնն ինչ կարևոր է։ Ուզում եմ հասկանալ՝ օրակարգը հաստատելուց ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում և արդյո՞ք համաչափ են մեր այսօրվա քննարկած հարցերն այն կոնկրետ մարտահրավերներին, որ մեր առաջ կանգնած են»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, որ այս դժվար ժամանակներում շատ մեծ մարտահրավերներ կան, որոնց պետք է ադեկվատ արձագանք տրվի։
«Եվ դրանով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ ԱԺ պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել, և չի էլ կարող։ Իսկ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ մեր առջև կանգնած, ու մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով»,- նշեց նա։
Արձագանքելով՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ ինքը չի ասում, թե պետք է միայն այդ հարցով զբաղվել. «Ես ասում եմ՝ 16 հարց է ընդգրկված օրակարգում, ու ոչ մի հարց կապ չունի այդ կոնկրետ մարտահրավերի հետ։ Մենք կարող ենք բերել, բայց դուք մերժելու եք՝ ինչպես մեր բերած նախագծերի 90 տոկոսը»։
Արարատ Միրզոյանն էլ պատասխանեց՝ ասելով, որ վերջին շրջանում յուրաքանչյուր քառօրյայից առաջ ԼՀԿ-ական պատգամավորներն ասում են, թե քննարկվող հարցերն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, և որևէ հարց կարևոր չէ։
«Իսկ հետո հարցերի քննարկման ժամանակ դուք ակտիվ ներգրավվում եք, առաջարկներ անում։ Գիտեք՝ կարևորն ու անկարևորը հարաբերական են, գնահատման հարց է»,- նկատեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան