Այսօր սկսվում է Հայաստանի քաղաքական գարունը. Պարույր Հայրիկյան
«Մենք ծանր ազգային ողբերգության առաջ ենք կանգնել, մեծագույն չարիքը տիրում է մեր ժողովրդին»,- այսօր Հայաստանի ներկա վիճակով մտահոգ համագործակցող 8 կուսակցությունների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով, այսօր սկսվում է Հայաստանի քաղաքական գարունը, որի մեկնարկը տրվում է անցյալում կատարված «խուժանություններին» ոչ ասելով։
«Մենք պահանջում ենք բացարձակ ժողովրդավարություն։ Մեր սերնդի ընկալումները փոխվել են, Հայաստանի քաղաքացիներն օտարվում են իրենց հայրենիքից, այստեղ ապրող հայ մարդն իրեն դրության տեր չի զգում։ Մենք խոսում ենք խնդիրների մասին, որոնք կարող են լուծվել սահմանադրական փոփոխությունների և այդ՝ փոփոխված սահմանադրությամբ անցկացվող նոր ընտրությունների միջոցով։
Պատկերացրեք, այդ ամենի համար 3 ամիս է պետք։ Բարի կամքի դրսևորման դեպքում, այս նախագիծը, որն այսօր մենք կներկայացնենք, կարող է 3 ամսում կյանքի կոչվել։ Նույնիսկ ոչ շատ լավ աշխատելու պատրաստ իրավագետները 1 շաբաթում կարող են գնահատական տալ...։ Մայիսին մենք կարող ենք սահմանադրական հանրաքվե անցկացնել։ Եթե Նիկոլը գոնե 1 տոկոս հավատարիմ է իր խոսքին, ապա պիտի ասի՝ այո՛, համաձայն եմ, որ սահմանադրությունը, ապա դրա հիման վրա նաև «Ընտրական օրեսգիրքը» փոխվի»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
Նա ներկայացրեց՝ իրենց նպատակը հզոր պետություն ստեղծելն է, իսկ հզորանալու համար պետք է ժողովուրդը լինի իր երկրի տերը։
«Մի հասարակ օրինակ. երբ դու վարձով ես ապրում ինչ-որ մի տանը, միշտ մտածում ես այլ տուն գտնելու մասին, բայց երբ դու տան տերն ես, անընդհատ մտածում ես այդ տունը կարգի բերելու մասին։ Հիմա պետք է մարդիկ իրենց Հայաստանում զգան՝ որպես իրենց սեփական տան տեր»,- ընդգծեց ԱԻՄ ղեկավարը։