Ռազմագերիներից շատերի ծնողները, հավատացել են, որ իրենց երեխաներն Իրանում են, և գնացել են Թավրիզ. Զոհրաբյան
«Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Հայաստանում առ այս պահը պահպանվում ռազմական դրությունը»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, անհասկանալի է՝ ինչու է պահպանվում ռազմական դրությունը, եթե ադրբեջանցի զինծառայողներն ինչ ուզում, անում են։
«Նրանք «GPS»-ը գրկած ոնց ուզում, ձևում են Սյունիքը։ Հիմա գնացեք Ներքին Խնձորեսկ, տեսեք՝ ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր աջ, ձախ, հյուսիս, հարավ..., ոնց ուզում, գալիս են։ Նույնը Կապանի հարակից շրջաններում։ Կամ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների հարցով զբաղվում է ընդամենը «գալոչկայի» համար։ Անհետ կորածների ծնողները հենց այս պահին ռուս խաղաղապահների հետ որոնողական աշխատանքներ են անում, բայց դա էլ այն դեպքում, երբ ադրբեջանցիները «ադալժենի» են անում ու թողնում, որ մտնեն»,- ասաց նա։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք իշխանությունները տեղյակ են, որ ռազմագերիներից շատերի ծնողները հավատում են ցանկացած տեղեկատվության, որ իրենց երեխաներն անցել են Իրանի հատված, և գնացել են Թավրիզ, հանդիպել սրբազանի հետ և փորձել են կառչել գոնե այդ վերջին հույսից։
«Ես ստիպված եմ եղել զրուցել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք զինվոր անցել է Իրանի տարածք, թե՞՝ ոչ։ Դա այն պատճառով է, որ ՀՀ ամեն քաղաքացի այս իշխանության փոխարեն կատարում է այս իշխանության պարտականությունները։ Ինձ համար տարօրինակ էր, երբ ՌԴ նախագահն էր Դավոսի տնտեսական համաժողովում խոսում Արցախի հիմնախնդրից ու դիմում միջազգային հանրությանը, որ գան ու օգնեն։
Երեկ արդեն ադրբեջանցի զինծառայողները թույլ չեն տվել մեր ուխտագնացներին գնալ Դադիվանք։ Եթե նախկինում միայն քանակի վերաբերյալ ցուցակ էին ուզում, երեկ արդեն անուն-ազգանուններն են ուզել, վաղը կուզեն նաև արյան անալիզը, մյուս օրն էլ արդեն ընդհանրապես թույլ չեն տա, որ անցնեն սահմանը»,- նշեց նա։
Անդրադառնալով ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ իշխանությունները նշում են, թե ազգային շահը գերադասող մարդիկ կողմ կլինեն այդ նախագծին, երևի ազգային շահ ասելով նկատի են ունենում Նիկոլ Փաշինյանի անձնական շահը։
«Ֆեյքերի և աղտեղության դեմ պայքարի շատ կարճ ճանապարհ կա. փակում եք ձեր ՊՈԱԿ-ը, այստեղ նստած պատգամավորներն են այն աշխատեցնում։ Խուլիգան, ամենաանբարո, սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող ֆեյքերին ասում եք՝ դադարեցնեն։ Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող 4 օլիգարխներին՝ այդ թվում «Վիվարոյի» Վիգենին, ասում եք, որ դադարեցնի ֆեյքերի ֆինանսավորումը, և կտեսնեք՝ որքան հեշտ կդառնա շնչելը»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի խորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում արագացնել աճյունների, ռազմագերիների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան
- Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների վերադարձը հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՄԻՊ
- Լեխ Բուչեկը հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով նամակ է հղել Ջո Բայդենին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին