Ջակուզի, բուխարի․․․որտեղ էր Նավալնին ապրում Գերմանիայում
Ջակուզի, բուխարի, փոքրիկ լողավազան. ռուսական հեռուստաալիքի լրագրողներն այցելել են Ֆրայբուրգի մոտակայքում գտնվող տունը, որտեղ, ըստ նրանց, Ալեքսեյ Նավալնին ապրել է Բեռլինի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո և Մոսկվա վերադառնալուց առաջ: Վիլլայի առաջին հարկը մոտ 100 քառակուսի մետր է: Ըստ լրագրողների, այս տանը երկու ամիս մնալը Նավալնիին արժեցել է մոտ 30 հազար եվրո: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ հենց այս ժամանակահատվածում է պատրաստվել ֆիլմը՝ Գելենջիկում Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին: Ռուսական հեռուստաալիքի հետաքննությունը պնդում է, որ նկարահանումների պատվերը ստացվել է ԱՄՆ-ից, իսկ աշխատանքը Նավալնիի ու նրա կողմնակիցների համար արժեցել է շուրջ մեկ միլիոն դոլար:
Ինքը՝ Նավալնին, նախկինում նշել էր ձեռնարկատերեր Բորիս Զիմինին և Եվգենի Չիչվարկինին, տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոյին և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ռոման Իվանովին, այն մարդկանց մեջ, ովքեր վճարել են նրա՝ Գերմանիա թռիչքի և Շարիտե կլինիկայում բուժման համար:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել, որ նկարահանման ընթացքում Նավալնիին օգնել են գերմանական հատուկ ծառայությունները: Ռուս դիվանագետները պարզաբանում ստանալու համար դիմել են իրենց գերմանացի գործընկերներին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը Նավալնիի պայմանական պատժաչափը նախորդ շաբաթ փոխարինեց իրական պատժով. ընդդիմադիրը պատիժը կկրի գաղութում 2,5 տարի։
Նավալնին գործը շինծու է անվանել և իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց: Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Ռուսաստանի շատ քաղաքներում և ավարտվել են բազմաթիվ ձերբակալություններով, հարուցվել են մի քանի քրեական գործեր և ձերբակալվել են ընդդիմության աջակիցները: