Եթե շարունակենք գործ չանել, ապագայում ունենալու ենք 4-րդ կարգի վթարային քաղաք. ավագանու անդամ
«Երևանցիները վթարային շենքերի հետ կապված շատ դժգոհ են, այդ մարդիկ շատ վատ են ապրում, սթրեսի մեջ են, դուք էլ այցելեք ու տեսեք»,- Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Արման Ներսիսյանը:
Նա, մասնավորապես, բաձրաձայնեց Վարդաշենի վթարային շենքերի հարցը՝ նշելով, որ ձնհալի պատճառով ջրերը լցվել են բնակարանները, մարդիկ հիվանդ են, օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ էլ այդ շենքերում տարօրինակ ձայներ են ընկել, բնակիչները սարսափած են:
«Բոլորիդ կոչ եմ անում գնացեք այդ շենքեր ու տեսեք, թե ինչ են ասում այդ բնակիչները»,- նշեց Ա. Ներսիսյանը:
ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանն ասաց, որ իրենց ընտրվելուց հետո արդեն 4 շենք 4-րդ կարգի վթարային կարգ է ձեռք բերել:
«Պատկերացնում եք, եթե մենք շարունակենք գործ չանել, հետո գալու է մի ժամանակ, երբ ունենալու ենք քաղաք, որը 4-րդ կարգի վթարային է համարվելու: Հավաստիացնում եմ, եթե չորոշենք արագ գործողություններ կատարել, մոտ ապագայում այդ վիճակը կտեսնենք, որովհետև 8 տարի առաջ արված սեյսմիկ արդյունքներով Երևանի տարածքում եղել է 173 3-րդ կարգի վթարային շենք: Պատկերացնում եք՝ մենք 8 տարի սեյսմիկ նոր արդյունք չունենք»,- ասաց Մ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը
- Երբ որ քաղաքապետի քեֆը տա՝ ստորագրի՞, կամ չստորագրի՞. վթարային շենքի բնակիչներ
- Մասնավորին շենքի կառուցման իրավունք՝ վթարային շենքի հարցը լուծելու նպատակով
- Արզումանյան փողոցի վթարային շենքերի բնակիչները չեն ուզում դուրս գալ իրենց բնակարաններից