Փորձ է արվում բյուջետային ճեղքը փակել կրթական հասատությունների հարկային բեռն ավելացնելով. Կոստանյան
«Կառավարությունը մտադիր է կրթական և առողջապահական մարմիններին ևս հարկել ԱԱՀ-ով։ Որպես նպատակ նշվում է հարկային քաղաքականության ճեղքի կրճատումը։ Բայց, վստահ եմ, փորձ է արվում բյուջետային ճեղքը փակել հարկային բեռն ավելացնելով, ինչն ազդելու է ուսանողների և կրթական հաստատությունների վրա. կրթական հաստատություններում, քոլեջներում վարձավճարներն ավելանալու են»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շատ խնդիրների լուծման բանալին պետք է փնտրել կրթության մեջ, և դա ոչ միայն հայտարարություն է, այլ նաև գործողությունների տրամաբանական շղթա է ենթադրում։
«Հարկային համակարգի նկատմամբ մեր բոլորի վերբերմունքը, ցավոք, որպես կանոն, միակողմանի է։ Հարկային համակարգը նպատակ ունի հանրային միջոցները պատշաճ կերպով վերաբաշխելու միջավայր ձևավորեր։ Ամենահեշտը կլիներ, որ այն այլընտրանք ունենար, բայց այդպիսի բան չկա որևէ երկրում։ Հետևաբար, երբ քննարկվում է հարկային ճեղքի կրճատման միջոցների ամբողջական ցանկը, դրանից առանձնացված որևէ միջոցառման դիտարկումը ռիսկ է պարունակում։ Կա գնահատական, որ մեր երկրում գործող կարգավորումները թույլ չեն տալիս հարկային ողջ նեուժով հավաքագրում ունենալ։ Եվ վերջում դժգոհում ենք, որ մեր մոտ հակրեր-ՀՆԱ հարաբերակցությունը ոչ ցանկալի մակարդակում է։ Բայց երբ առաջարկում ենք միջոցառումների ցանկ, քննադատությունների տարափ է սկսվում»,- նշեց նախարարը։
Արձագանքելով՝ Աննա Կոստանյանն ասաց, որ Հայաստանում ծառացած շատ խնդիրների հիմքը հենց կրթությունն է, հետևաբար, պետությունը պետք է հակառակ գործունեությունն աներ, բայց հիմա չարդարացված հիմնավորմամբ ծանրաբեռնում է ոլորտը։
Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորի խոսքը, թե հանիրավի հարկային բեռ է ավելացվում կրթական հաստատությունների վրա, տեղին չէ։
«Այդ հարկումը չի լինելու հանիրավի»,- նկատեց նախարարը։