ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է, Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի. ԱԳ նախարար
«Բախվել ենք բարդ իրադրության հետ և տպավորություններ է ստեղծվում, որ զարգացումները, որոնք պետք է հստակության դաշտ տեղափոխվեին շարունակում են անորոշություններ ստեղծել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը նկատեց, որ Ռուսաստանը հայտնել է՝ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, իսկ Կարսում զորվարժություններ են և այսօր պետք է իրական անվտանգային խնդիրներին անդրադառնալ:
Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ընդունեց, որ վիճակը շատ բարդ, բայց կան հնարավորություններ և իրենց հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:
«Հեշտ հարց չէ, քանի որ աշխարհաքաղաքական վիճակի ընդհանուր արտացոլումն է»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ պետությունը, հասարակությունը պետք է ջանքեր գործադրեն, որ իրավիճակը գնա դեէսկալացիայի:
Անդրադառնալով Կարսի զորավարժություններին՝ Արա Այվազյանը շեշտեց, որ մի կողմից մտահոգիչ են դրա դրսևորումները, մյուս կողմից՝ Թուրքիայից եկող դիվանագիտական մեսիջներ:
«Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ուղերձներ անել, բայց հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք, ոչ թե մեսիջներով այլ գործողություններով»,- հայտարարեց Այվազյանը և վստահություն հայտնեց, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է հետզհետե վերադառնա բնականոն գործընթացի:
«Նախ և առաջ խոսքը գնում է նրա մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը»,- հայտարարեց Արա Այվազյանը և հիշեցրեց, որ այն պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով:
Գոռը Գևորգյանը նկատեց, որ եթե նախարարը սահմանների բացմանը վերաբերում է որպես դրական երևույթ՝ հեռանկարային առումով, ապա ինքը, հաշվի առնելով պատմական փորձը, գտնում է, որ ապաշրջափակումը կարող է մեկ այլ բարդ խնդրի առաջ կանգնեցնել, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ:
«Դուք ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, ըստ որի՝ մենք չունենք խնդիր, բայց մենք խնդիր ունենք և մեր խնիրները շարունակում են մնալ չկարգավորված և օրհասական: Եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման ծավալի զորավարժություններ, ապա այն անմիջական սպառնալիք է»,- շեշտեց պատգամավորը:
Արա Այվազյանը հայտարարեց, որ չի ասել, թե շրջափակման վերացումը, կամ շրջափակումը դրական երևույթ է և հատուկ ընդգծել է, որ պետք է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտ ձևավորվի, իսկ դրա համար նրանց շուրջ բարենպաստ միջավայր պետք է ստեղծվի՝ չխախտելով կարմի գծերը և պետական շահերը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին. Սամսոնյան
- Մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը. Վաղարշակ Հարությունյան