Բուհերի կառավարման խորհուրդները պետք է փող բերող հիմնարկ դառնան. Գևորգ Պապոյան
«Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի առանձնահատուկ կարգավիճակի մասին, կարող է թվալ, որ ես հիմա անում եմ հայտարարություններ, որոնք ԵՊՀ-ին դեմ են հօգուտ մյուս բուհերի են, բայց իրականում 100% հակառակն է, որովհետև եթե որևէ բուհի, որևէ մարմնի դու տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, այդ մարմինը, ժամանակի ընթացքում օգտվելով այդ առանձնահատուկ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից, դառնում է դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն և մյուս բուհերն այս պարագայում շատ ավելի արագ կգան և կանցնեն ԵՊՀ-ից, ես ուզում եմ, որ ԵՊՀ-ն թիվ մեկ բուհը լինի Հայաստանում»,- այսօր խոհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է, որ ԵՊՀ-ն գործի այն նույն մրցակցային միջավայրում, ինչ մյուս բուհերը, հակառակ պարագայում՝ մրցակցության դասական կանոնները կգան և հնրավորություն չեն տա, այլ տարբերակ չկա:
«ԵՊՀ-ն պետք է գործի հավասար մրցակցային պայմաններում այլ բուհերի հետ, սա առաջին հերթին ՀՀ-ի և ԵՊՀ-ի շահերից է բխում»,- նկատեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդներին, ապա Գևորգ Պապոյանը նշեց, որ այդտեղ կան տարբեր մոտեցումներ։
«Ես կարծում եմ, որ կառավարման խորհրդի կազմում պետք է հակառակ ուղղությամբ գնանք: Ի՞նչ ենք մենք ուզում կառավարման խորհրդից, ես կարծում եմ՝ կառավարման խորհուրդն իր բնույթով պետք է լինի մի վերբուհական կառույց, որտեղ խնդիրների դեպքում պետք է լուծի այդ խնդիրները, և երկրորդը՝ այդ խնդիրների ժամանակ որոշակի արբիտրի, որոշողի դեր կատարի և փող բերող հիմնարկ դառնա: Կարո՞ղ է ուսանողը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե, կարո՞ղ է բուհի դասախոսը, որը կառավարման խորհրդում է, փող բերել, դժվար թե»,- ասաց նա:
Ըստ իմքայլական պատգամավորի, պետք է գնալ այն ճանապարհով, թե տվյալ կառավարման խորհուրդը կարո՞ղ է ներդրումներ, փող ու ծրագրեր բերել բուհ։
«Գիտական և ակադեմիական խորհուրդներն էլ պետք է ուսանողների ու դասախոսների խնդիրներով զբաղվեն»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետությանն իրապես պետք է դարձնել պատասխանատու կրթության համար. Սոֆյա Հովսեփյան
- Դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Դումանյանին
- Գիտությանը պիտի լրացուցիչ ֆինանսավորում տանք․ բայրաքթարները, մյուս մարտահրավերները պիտի հաշվի առնենք. Մելքումյան
- Եռաստիճան բարձրագույն կրթություն, լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ բուհական ուսուցում. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան