Սախարովի հրապարակ. Ծուղա՞կ վարորդների համար, թե՞ ՃՈ-ի, քաղաքապետարանի անգործության հետևանք
Երևանի կենտրոնում ամեն օր տասնյակ վարորդներ խաբեության զոհ են դառնում։ Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ նրանք մեքենան կայանելու համար նախ վճարում են «պարկովշիկին», ապա մեկ ամիս անց՝ տուգանվում ու բալեր կորցնում։
Երևանի բնակիչ Ա. Ալեքսանյանը հունվարի 11-ի կեսօրին մոտ մեքենան կայանել է Սախարովի հրապարակում՝ Հրշեջ կայանի շենքի դիմաց եղած միակ ազատ տեղում։
Կայանելուց հետո աշխատակից (парковщик) ներկայացած տղամարդուն վճարել է երկու հարյուր դրամ։ Իսկ երկու օր առաջ ՃՈ-ից ստացել է ծանուցում՝ արգելված վայրում կայանելու համար տուգանվել է 5 հազար դրամով, ինչպես նաև 0.5 բալով։
Ա. Ալեքսանյանը ակտից զարմացած զանգահարել է ՃՈ թեժ գիծ՝ հասկանալու տեղի ունեցածը։
«Ես ասացի, որ վճարել եմ կայանելու համար։ 100 դրամ էի վճարել, աշխատակից ներկայացածը մուննաթ եկավ, թե ուզում ես մեծ ջիփով քաղաքի կենտրոնում հարյուր դրամով կայանե՞ս։ Ստիպված մոտիս մեծ գումարը մանրել եմ, ավելացրել։ Երբ այս ամենը պատմեցի ՃՈ-ին, ինձ ասացին՝ հա, մեզ մոտ դա ծեծված թեմա է»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Ա. Ալեքսանյանը։
Նրա խոսքով, ՃՈ-ին ինքը նկարագրել է տեսածը, կայանած են եղել մի քանի տասնյակ մեքենա, օրական կտրվածքով կարող է հասնել նույնիսկ 100-ի, այնտեղից պատասխանել են՝ 100-ն էլ կտուգանվեն։
«Ինձ հարցնում են՝ օրինակ, ի՞նչ պետք է անի ՃՈ-ն։ Ես էլ ասացի՝ իմ դիմացից երեք պետավտոտեսչության մեքենա անցավ, որևէ մեկը չասաց՝ տիկին ջան, այստեղ կայանել չի կարելի։ ՃՈ-ից ինձ պատասխանում են՝ կարո՞ղ է գիտեք, մեր պետավտոտեսուչները ձեր պահակներն են»,-ասում է քաղաքացին։
Քաղաքացին դիմել է նաև քաղաքապետարան, այստեղից էլ նրան ուցղորդել են ՃՈ՝ հիմնավորելով, թե տեսախցիկները ՃՈ-ինն են։ Քաղաքացուց ստացած դիմումը փոխանցել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ։ Երեկ զանգահարած աշխատակիցն ասել է՝ գնացել են, տեղում նայել են, խնդիրն առկա է, բայց իրենց կարգավորելու հարցը չէ։
«Ես ասում եմ՝ կվճարեմ տուգանքը, բայց քայլեր ձեռնարկեք, որ ուրիշները չտուգանվեն։ Ես հունվարի 11-ին եմ կայանել, բայց ակտը ստացել եմ մոտ մեկ ամիս անց։ Պատկերացրեք, ես ամեն օր այնտեղ առանց իմանալու կայանեի, ինչքա՞ն գումար էի տուգանվելու, ամբողջ բալերս էլ սպառվելու էին։ Հիմա ես մտածում եմ, որ դա հատուկ թակարդ է, ծուղակ, քաղաքացիներից գումարներ կորզելու համար, հակառակ դեպքում կայանելն արգելող նշաններ կդրվեին, ինքնակոչ աշխատակցին էլ կարգելեին գումարներ հավաքել»,-ասում է կինն ու ընդգծում, որ երկու տարվա ընթացքում սա առաջին խախտումն է։
Կին վարորդին քաղաքապետարանից դժգոհել են՝ ինքնակոչ «պարկովշիկներին» կանչում են, տուգանում, կա մարդ, որ մի քանի մլն դրամի տուգանք ունի, բայց ոչ վճարելու հնարավորություն ունի, ոչ էլ բռնագանձման ենթակա գույք։
«Ես ասում եմ՝ դա որպես քաղաքացի իմ խնդիրը չէ, Ձեր խնդիրն է, օրենք ընդունեք, խնդիրը կարգավորեք։ Ես մտածում եմ՝ հստակ սխեմա է գործում, արդյունքում վարորդները թալանվում են»,-նշեց նա։
Ա. Ալեքսանյանն այստեղ կայանալու համար տուգանված միակ վարորդը չէ, բնականաբար։ Նա տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան խմբերից մեկում։
Լ. Գալստյանը նույն հատվածում հունվարի 14-ին կեսօրին մոտ կայանալու համար վճարել է 200 դրամ, այսօր՝ փետրվարի 10-ին ստացել է ծանուցում հինգ հազար դրամ տուգանվելու համար։
Նա էլ տեղի ունեցածն անարդարություն է որակում, որին զոհ են դառնում քաղաքացիները։ Տուգանքին կցված տեսանյութում նույնիսկ երևում է պարկովշիկը, որը կայանելուց հետո աթոռը դնում է մեքենայի հետևի մասում ու նստում։
«Եթե այդ մարդն ինձ ասում է՝ եկեք, այստեղ տեղ կա, օգնում է կայանել, հետո էլ գումար է վերցնում, այս ամենի հետ մեկտեղ մոտերքում արգելող նշան չկա, ես ո՞նց պետք է իմանամ, որ դա կայանատեղի չէ։ Ես ոչ հոծ գիծ եմ տրորել, ոչ արագություն եմ գերազանցել, ոչ կարմիր լույսի տակով եմ անցել, ինչո՞ւ պետք է 5 հազար դրամով տուգանվեմ, թող նորմալ կահավորում ապահովեն»,-նշում է քաղաքացին։
Ոստիկանությունից Panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե օրվա ընթացքում հիշյալ վայրում կայանելու համար, քանի՞ մեքենա է տուգանվում։ Հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից ասացին՝ վիճակագրական տվյալների վերաբերյալ պետք է գրավոր հարցում ուղղել։ Նաև ասացին՝ ավտոկայանտեղիների խնդիրն իրենց չի վերաբերում։
Panorama.am-ին տրամադրած տեսանյութում էլ «պարկովշիկի» դեմքը երևում է, ցանկության դեպքում քաղաքապետարանն ու ՃՈ-ն կարող են հաշված րոպեների ընթացքում նրա գործունեությունը դադարեցնել, վիճահարույց տարածքն էլ կահավորել։