Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 5 հայ գերի
- Գերիների խումբ է վերադառնում Հայաստան
- Ռազմագերիներից շատերի ծնողները, հավատացել են, որ իրենց երեխաներն Իրանում են, և գնացել են Թավրիզ. Զոհրաբյան