Դուք ուզում եք ներդնել գրպանային ռեկտորների ինստիտուտ. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց երբեմնի ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտություններով. «Կասեցրե՛ք ձեր հանրապետական ուսանողական բանդաները, կասեցրե՛ք դպրոցների հանրապետականացումը»։
Պատգամավորի խոսքով, այժմ՝ «նիկոլական օրերում», օրինակ՝ Աբովյան համայնքի թիվ մեկ ավագ դպրոցին պարտադրում են տնօրեն, և հետո այդ տնօրենը ոստիկանական պահակազորի ուղեկցությամբ ամեն օր գնում է աշխատանքի։
«Մեր օրերում Սլավոնական համալսարանի ռեկտորը գրում է, որ իրեն ԱԱԾ-ի միջոցով փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի պահանջը, որ ինքը հրաժարվի ռեկտորի պաշտոնից։ Հիմա վերադառնամ այս օրենքին, որի ալֆան և օմեգան պետք է լինեին ակադեմիական ազատատությունները։ Իսկ այս օրենքը ակադեմիական ազատության հիմնաքարի խախտում է, որը հակասում է ընդհանրապես բուհերի ինքնավարության սկզբունքին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով ռեկտորների ընտրության կարգին՝ պատգամավորը նշեց՝ կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ին նշանակելու է Կառավարությունը, լիազոր մարմինը։
«Հիմա դուք՝ պարո՛ն նախարար, ուզում եք, որ մենք հավատանք, որ ձեր կողմից նշանակված 5 անդամները լինելու են անաչառ և չեն կատարելու քաղաքական պատվե՞ր։ Ես վստահ եմ, որ դուք ամբողջությամբ կատարելու եք քաղաքական ընտրություն։ Բուհական համակարգում ինչ կատարվում է, նախկինի օրգանական շարունակությունն է։ Փոխվել են անձերն ու դերակատարները»,- նկատեց պատգամավորը։
Նրա խոսքով, իշխանություններն ի վերջ հասան իրենց նպատակին, և հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում բուհի հայեցողությամբ են դասավանդվելու։
«Իմ վստահ համոզմունքն է, որ սա մեր ինքնության, հայագիտության դեմ արշավ է։ Ես կրկնում եմ՝ երբևէ դեմ չէի լինի այս մոդելին, եթե հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի մակարդակը լիներ հավուր պատշաճի։ Իմ ականջը ծակում է, երբ անընդհատ լսում եմ «հաշվանդամ», կամ մեղանչել բառը՝ որպես ապաշխարելու հոմանիշ...։ Դուք ուզում եք ներդնել գրպանային ռեկտորների ինստիտուտ, և այս կերպ դուք շարունակում եք նախկինների գործելաոճը»,- շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք են խորհուրդների վրա քաղաքական որոշումներ կայացնողների ազդեցությունն արգելող մեխանիզմներ. Անի Սամսոնյան
- Դուք «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Դումանյանին
- Գիտությանը պիտի լրացուցիչ ֆինանսավորում տանք․ բայրաքթարները, մյուս մարտահրավերները պիտի հաշվի առնենք. Մելքումյան
- Եռաստիճան բարձրագույն կրթություն, լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ բուհական ուսուցում. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան