Շները քուռակի վրա են հարձակվել. «Կրակելու եմ»
Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում անտեր շների ոհմակը շարունակում է համալրվել։ Ավելի քան 200 ոչխարների ու գառնուկների հոշոտելուց հետո էլ, չնայած խնդրի մասին տեղյակ են բոլոր պետական մարմինները, խնդիրը չի լուծվել։ Ավելին 7-8 օր անց շների երախում հայտնվել է քուռակը։
«Ես ասել եմ, խնդիրը պետական մարմինները չեն լուծում, ես կլուծեմ, կրակելու եմ բոլոր շներին։ Ես սրա մասին ասել եմ նաև ՀԱՈԿ-ին։ Ինձ ասացին՝ պատասխանատվության կենթարկվես։ Ես էլ հենց պատասխանատվության ենթարկողին եմ ման գալիս, որ գա իմ վնասը փոխհատուցի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է ազգությամբ եզդի Սամվել Քոչարյանը, ով շների պատճառով զրկվել է անասուններից ու հայտնվել մեծ պարտքերի տակ։
Ի դեպ, հունվարի 19-ին հոշոտված ոչխարների ու գառնուկների մարմիններն օրեր շարունակ փռված էին նույն տարածքում, պետական ոչ մի մարմին դրա տեղափոխումը չի կազմակերպել կամ ապահովել, իսկ ոստիկանությունը Սամվելին թույլ չէր տվել դրանք տեղաշարժել, մինչդեռ այդ գործը բավականին եռանդով անում էին շները։
Օրեր առաջ տուժած քաղաքացին սատկած անասուներին որպես նվիրատվություն է փոխանցել, որպեսզի գիշատիչ թռչունների համար լեշ ծառայեն։
Շների հարձակման հետևանքով ավելի քան 200 ոչխարներից որևէ մեկը փորձաքննության չի ենթարկվել։ ՍԱՏՄ-ից Սամվելին ասել են՝ ուշ է դիմել, պետք էր թարմ հետքերով դիմել։
«Ես ասում եմ, ախր ես չոբան մարդ եմ, ինչ իմանայի, ո՞ւմ դիմեի, ե՞րբ դիմեի, ինչի՞ համար դիմեի։ Ես զանգել եմ ոստիկանություն, ԱԻՆ, շների ՀԱՈԿ, թող իրենք ասեին՝ ինչ է պետք անել, ում դիմել»,-զայրանում է Սամվելը։
Պարտքով վերցրած ոչխարների համար Սամվելը պետք է վճարի մեկ ամսից։ Այս պահին չգիտի էլ՝ ի՞նչ է անելու, ո՞նց է պարտքը վճարելու։
Սպասում է Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին ուղղված նամակների պատասխանին։
Լուսանկարները Panorama.am-ին տրամադրել է Սամվել Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շների հոշոտած ոչխարները տեղում են, փորձաքննություն դեռ նշանակված չէ
- Ադրբեջանցիներից ու կրակից փրկված ոչխարներն ապահով Երևանում շների բաժին դարձան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան