Բա որ ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ. Մարուքյան
«Հարց ու պատասխանի առաջին հատվածից հետո տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամեն ինչ լավ է։ Բա որ ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, այսօր լրանում է երրորդ ամիսը, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությունը, և նույնքան ժամանակ է, ինչ իրենք առաջարկում են փաստահավաք խումբ ստեղծել ու քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքն ու բանակցությունների ընթացքը։
«Վերջին հաշվով մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ես առաջարկում էի ստեղծել փաստահավաք խումբ, բայց 3 ամսոմ որևէ կոնսենսուսի չենք եկել։ Հիմա ես ստեղծել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել այդ փաստահավաք խումբը։ Հիմա ուզում եմ հստակ Նիկոլ Փաշինյանից ստանալ պատասխան՝ չե՞ք ուզում, որ քննվի ու ճշմարտությունը ներկայացվի մեր հանրությանը»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին պատերազմին առնչվող 1000-ից ավելի քրգործ կա հարուցված։ Ըստ նրա, ԱԺ քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել ու քննել հարցը։
Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Մարտի մեկի» գործով էլ քրեական գործեր կային հարուցված, բայց երկրում ստեղծվեց փաստահավաք խումբ, նույնը եղավ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
«Հիմա ես Ձեզ եմ ներկայացնելու օրենքի նախագիծը, և Ձեր կողմից բարձրաձայնված մտահոգությունը, թե պարիտետային թիվը քիչ է, մենք դա էլ վերանայել ենք։ Ես առաջարկում եմ, որ շարունակենք բանակցությունները, քանի որ քրգործերով տպավորություն է ստեղծվելու, որ դուք քրեական գործեր եք հարուցել, որ մեղքի բեռը Ձեր վրայից գցեք։ Հետևաբար դուք պետք է ունենաք քաղաքական ներառականություն»,- ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կպատասխանի, երբ ծանոթանա նոր տեքստին։
Այդ խոսքից հետո Էդմոն Մարուքյանը մոտեցավ ամբիոնին և փաստաթուղթը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։