Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան
«Թե բուհական խորհուրդների կազմում ինչու է կոնկրետ 9 հոգի ներգրավված, այլ ոչ թե 10 կամ 7, բարդ է հստակ հիմնավորել, ինչպես, օրինակ՝ բարդ է գիտականորեն հիմնավորել, թե ինչու ԱԺ պատգամավորների թիվը պետք է այսքան լինի»,- պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, որից 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից:
Անի Սամսոնյանը հարցրեց, թե ինչո՞ւ կառավարման խորհուրդները 9 հոգուց պետք է լինի կազմված, որտեղ գերակշռելու են կառավարության ներկայացուցիչները, և հետաքրքրվեց, թե մնացած 4-ից քանի՞սն են լինելու ուսանող և դասախոս:
Վահրամ Դումանյանն ասաց, որ բուհը պետք է որոշի համամասնությունը, և իրենք չեն ուզում պարտադրել:
«Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի հարյուր տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ այդ որոշումն ընկալելի չէր լինի հանրության, մասնագիտական հանրության հետ:
Անի Սամսոնյանն արձագանքեց, որ ՀՀ սահմանադրությամբ բուհերին տրված է ինքնավարության իրավունք, և այս մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը:
«Սրանով վտանգվում է բուհի ինքնավարության իրավունքը»,- հայտարարեց պատգամավորը:
ԿԳՄՍ նախարարը նկատեց, որ իր խորին համոզմամբ՝ ինքնավարությունը շփոթվում է այլ բանի հետ:
«Բուհի ինքնավարությունը սկսվում և ավարտվում է բուհի առավելության իրականացման գործունեության մեջ»,- հայտնեց Դումանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար կառավարությունը տուրք է սահմանում
- Պետական սահմանին կիրականացվի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն
- Նիկոլայ Բաղդասարյանը չընկալեց Արարատ Միրզոյանի ակնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին