Ռմբակոծության տակ հայտնված մեքենաներին մեծ թվով տուգանքներ են եկել. Արագած Ախոյան
«Պատերազմի օրերին կամավորների՝ ռմբակոծության տակ հայտնված մեքենաներին մեծ թվով տուգանքներ են եկել»,-ասուլիսում ասաց նախկին պատգամավոր, կամավորական Արագած Ախոյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 12-ը եղել են մարտական դիրքերում, բոլոր կամավորներն իրենց անձնական մեքենաներով են եղել:
«Անմիջապես կիզակետում ունեցել ենք 2-3 մեքենա։ Գիտեք, թե այդ օրերին ինչքան խառն էր ամեն ինչ։ Տրանսպորտի վրա բավականին մեծ տուգանքներ են եկել, դիմեցինք ճանապարհային ոստիկանությանը, որ չեղարկեն այդ տուգանքները՝ լսելով աթոռին կառչած Փաշինյանի շոուն, որ արեց, ինչ որ մեկին ասել էր՝ լավ, այդ հարցը համարեք լուծված: Այդ հարցը լուծված չէ: Այսօր այստեղ չէի գայի, եթե դանակը ոսկորին չհասներ:
Մեր մեքենաները կոտրելով, ոչ մի լիտր բենզին չուզելով՝ ամբողջը կազմակերպել ենք, որ հիմա տուգանք մուծե՞նք։ Մեր տղաներից մեկն էլ սպիտակ մեքենա ուներ, ներկեց կանաչ, որպեսզի գոնե դիրք հասնելու ժամանակ ԱԹՍ-ները չնկատեին: Հիմա գույնը փոխելու համար տուգանել են: Կամ՝ Դավիթ Բեկի շրջանում ռմբակոծության տակ էին ընկել տղաները: Հիմա այդ մեքենաների վրա տուգանքներ կան»,- ասաց Ա. Ախոյանը:
Նա նշեց, որ պատերազմի օրերին Ստեփանակերտ մեկնած «քեմալիստական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ստացել են գործուղման գումար:
«Նկարվելու, կապիկություն անելու, քաղաքական շոու սարքելու համար գնում են Ստեփանակերտ ու գործուղման գումար ստանում, իսկ մյուս դեպքում մեր կամավոր տղաները նույնիսկ չեն կարողացել կոմունալները վճարեն: Ամոթ ձեզ:
Սա արդար է, Նիկոլ, սա՞ է արդարությունը:
Ղուրբան մեր բանակին: Այս ամենի մասին ինչ ես խոսում եմ, սրա պատասախանատուն կառավարությունն է»,- նշեց նախկին պատգամավորը:
Նրա խոսքով, իշխանությունն իրականությունից կտրված է, իսկ երկրում ընդդիմություն են այն մարդիկ, ովքեր ինքնասիրություն ունեն:
«Ի՞նչ ընդդիմություն: Քաղաքացիները, ովքեր ունեն ինքնասիրություն, ասում են՝ գնա:
Այս իշխանությունից, վարչապետից մեկ վայրկյան շուտ պետք է ազատվել»,- ասաց Ա. Ախոյանը:
Ըստ նրա, այսօր այս իշխանության դեմ դուրս եկող քաղաքացիներն այնքան էլ շատ չեն, քանի որ 2018-ին խաբվել են և ամոթից դուրս չեն գալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները