«Ժողովուրդ». Ինչով են զբաղված ԱԺ քննիչ հանձնաժողովները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած յոթերորդ գումարման Ազգային ժողովը մշտապես հպարտացել է քննիչ հանձնաժողովների առատությամբ՝ իբրև հետևողականության դրսևորում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք կարծես թե ձևական բնույթ են կրում:
Թերևս վաղուց հայտնի ճշմարտություն է, որ եթե ուզում ես որևէ հարցի խորը քննությունը տապալել, ստեղծիր հանձնաժողով և խնդիրը կլուծվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը»: Այսինքն՝ առաջին հերթին հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է հետևի խորհրդարանի աշխատանքների պատշաճ կատարմանը, սակայն դրա փոխարեն հակառակ երևույթի ենք ականատես լինում:
«Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին:
Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, և, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ: 2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել: Սակայն, ըստ էության, որևէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռևս ներկայացված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում