Գիտությանը պիտի լրացուցիչ ֆինանսավորում տանք․ բայրաքթարները, մյուս մարտահրավերները պիտի հաշվի առնենք. Մելքումյան
«ԳԱԱ ինստիտուտներում աշխատում են մոտ 7000 աշխատողներ։ Հիմա այդ ինստիտուտների կարգավիճակի հարցը ո՞նց է լուծվելու, ֆինանսավորումը ո՞նց է իրականացվելու. առանց այդ էլ այդ ինստիտուտներում միջին աշխատավարձը ցածր է՝ մոտ 100 հազար դրամ»,- այսօր խորհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Բացի այդ, պատգամավորը նշեց, որ կարևոր խնդիր է բուհերում ակադեմիական միջավայրի պահպանումը։
«Մենք կորցնում ենք այդ ակադեմիական միջավայրը։ Ո՞ր օղակն է դառնում ակադեմիական։ Դուք խոսում եք վարչական օղակի մասին նաև, բայց ո՞րն է դա։ Այդ ձևով մենք ամբիոնի ղեկավարին զրկելու ենք ակադեմիական լրիվ ձևով աշխտելու հնարավորությունից»,- դիմելով ԿԳՄՍ նախարարին՝ ասաց Միքայել Մելքումյանը։
Ի պտասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է պատգաավորի հետ՝ պետք է բուհերում ակադեմիական միջավայր ապահովվի։
«Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա այս դեպքում ինստիտուտներն առավել ինքնուրույն են դառնում։ Գիտական հիմնարկների հետ որևէ խնդիր չկա, ու դա շատ լավ է։ Ֆինանսավորումը կատարվելու է ուղիղ ձևով՝ միանգամից ինստիտուտին է տրամադրվելու գումարը։ Ինչ վերաբերում է ղեկավարությանը, ապա այն, ըստ էության, մնում է, ուղղակի վարչարարական և ֆինանսավորման գործերին չի միջամտում։ Օրենքը ակադեմիական ինստիտուտին ցանցեր ձևավորելու հնարավորություն է տալիս։ Այդ ցանցերը կարող են համակարգող խորհուրդ ձևավորել, այդտեղ կարող են լինել նախագահության անդամները»,- ներկայացրեց նախարարը։
Արձագանքելով՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ պետք է 2022 թվականի բյուջեում գիտության ֆինանսավորումն ավելացվի. «Բայրաքթարները, մյուս մարտահրավերները պիտի հաշվի առնենք»։
Պատասխանելով՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ լիովին համամիտ է։
«Այժմ ծախսային մասով մեկ տոկոս է ֆինանսավորումը, պիտի եղած միջոցներով մինչև չորս տոկոս ակնկալենք։ Բայց այսօր դա իրատեսական չէ..., ոչինչ, մենք պետք է իրատեսության այն հատվածը գնահատենք, թե երբ կարող ենք դա անել ու օրենքում նշենք այդ ժամկետը»,- եզրափակեց խոսքը Վահրամ Դումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան
- Եռաստիճան բարձրագույն կրթություն, լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ բուհական ուսուցում. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան