Պետական սահմանին կիրականացվի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն
Խոհրդարանը երկրորդ ընթեցրմամբ քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանի խոսքով, նախագծով առաջարկվում է, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը հնարավորություն ստանա պետական սահմանին իրականացնել ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվի տարածք և շինություն՝ տվյալ վերահսկողության իրականացման համար:
«Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողության իրականացումը էապես կմեծացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը, ինչին էլ ուղղված է այս նախագիծը: Բացի այդ, սահմանային անցման կետերում վերահսկողության իրականացումը նպաստի նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանը և իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը և փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը»,- նշեց պատգամավորը։
Նշենք, որ «Պետական սահմանի մասին ՀՀ օրենքի» 14-րդ հոդվածի համաձայն` պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության:
Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Եվ այդ նպատակով՝ պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։
«Սահմանված կարգավորումներն այսօր ժամանակի հրամայականն են։ Նախագիծը քննարկվում է այս պահին, քանի որ ամռանը բյուջեում միջոցներ չկային, որ այդ ծախսերն արվեին ավելի վաղ։ Մենք հեղինակների հետ եկանք կոնսենսուսի, որ օրենքն ուժի մեջ մտնի 2022 թվականի հունվարի 1-ից»,- ասաց Հովիկ Աղազարյանը։