Եռաստիճան բարձրագույն կրթություն, լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ բուհական ուսուցում. ԱԺ-ն նախագիծ է քննարկում
Խորհրդարանը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով, նախագծով առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր։
«Ներկայումս միայն երկաստիճան համակարգ է՝ բակալավր, մագիստրոս, իսկ ասպիրանտուրան համարվում է հետբուհական, մինչդեռ ԵՄ բոլոր 27 երկրներում այն ներդրված է՝ որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան։ Ավարտելիս էլ տրամադրվում է դոկտորի որակավորում։ Երկաստիճան համակարգից հրաժարվել են նաև հետխորհրդային երկրներից շատերը։
Այդ առումով՝ ներկայումս նախատեսում ենք գործող ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ այն դարձնելով բարձրագույն կրթության երրորդ՝ դոկտորական աստիճան։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում ուսուցում կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա, կամ՝ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ»,- նշեց նախարարը։
Բացի այդ, նրա խոսքով, առաջարկվում է բուհերում ուսուցում կազմակերպել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։
«Ներկայումս ուսումնառությունը իրականացվում է առկա կամ հեռակա ձևերով։ Օրենքի նախագծով առաջարկվում է հիմնական կրթության ձևերն իրականացնել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։ Սա հնարավորություն կտա ուսանողներին՝ կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով ու ֆինանսական հնարավորություններով»,- ներկայացրեց Վահրամ Դումանյանը։
Նա նշեց՝ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ, որ երկու և ավելի բուհեր կարողանան համատեղ կրթական ծրագրեր մշակել և իրականացնել, ինչպես նաև միասնական դիպլոմ շնորհել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան