Արմեն Ղահրամանյանը՝ Ասկերանի ղեկավար
Արցախի Հանրապետության Ասկերանի վարչակազմի նորանշանակ ղեկավարը Արմեն Բախշիի Ղահրամանյանն է։ Փետրվարի 11-ին ԱՀ նախագահը նրան ներկայացրել է վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին։
ԱՀ աշխատակազմից հայտնում են, որ վարչակազմի ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանի՝ ազատման դիմումով։
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը: