Դուք խրախուսու՞մ եք ՄԻԱՎ-ով վարակվելը. Թագուհի Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին
Խորհրդարանը քննարկում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով, նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
«Նախատեսում ենք սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ բժշկական գաղտնիքը տրամադրելու կարգը։ Բացի այդ նախատեսվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա հիվանդության մասին, բայց դիտավորյալ փոխանցում է ՄԻԱՎ-ն այլ անձի»,- ներկայացրեց նա։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախագծում կա մի կետ, ըստ որի՝ առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել անձին՝ ՄԱԻՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու համար տուգանք սահմանելու կետը։
«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ տրամաբանություն է գործել այստեղ, որ դուք կոնկրետ մի դրույթը հանում եք։ Այսինքն՝ դուք խրախուսու՞մ եք ՄԻԱՎ-ով վարակվելը»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
Ի պատասխան ԱՆ փոխնախարարն ասաց, որ նախարարությունն ընդհանրապես նման նպատակ չի հետապնդել նշված կետը հանելուց։
«Մենք 1997 թվականին օրենքն ընդունելիս շատ քիչ տեղեկություն ունեինք ՄԻԱՎ-ի մասին, և խիստ խտրական օրենքներ ենք ընդունել։ Այս պահին ՄԻԱՎ-ն այլևս վտանգավոր չէ մեր համար, կա արդյունավետ բուժում, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ առողջ ու որակյալ կյանքով ապրելու։ Իսկ քրեական պատասխանատվության այդ կետերը խոչընդոտ են հադիսացել ՄԻԱՎ-ի թեստավորում անցնելու համար»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ պատասխանից որևէ բան չհասկացավ։
«Իմ հարցը շատ կոնկրետ էր, արդյո՞ք այդ կետը հանելով խրախուսում եք վարակվելը։ Պատիժներն անընդհատ գնում են մեղմացման, և այդ տենդենցն ինձ, անկեղծ ասած, անհանգստացնում է»,- կրկնեց հարցը պատգամավորը։
Լենա Նանուշյանն էլ հստակեցեց՝ իրենց նպատակը ոչ թե խրախուսելն է, այլ, ընդհակառակը, միջավայր ստեղծելն է, որ մարդիկ դիմեն բուժհաստատություններ և թեստավորումներ անցնեն՝ հիվանդությունը հայտնաբերելու համար։
«Հիվանդությունն այլևս վտանգավոր չէ, և մենք չենք կարծում, որ այս դրույթը պետք է պահպանել»,- եզրափակեց խոսքը ԱՆ փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան