Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի ևս 35 համայնքներով. Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր գործադիրի նիստում հայտնեց, որ մինչև կառավարության հաջորդ նիստը գրավոր ընթացակարգով պատրաստվում են երկու որոշում ընդունել:
Մասնավորապես, ըստ նրա, «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 35 համայնքներով և նրանց ընդանուր թիվը կդառնա 77։
Նա հիշեցրեց, որ «Սահմանամերձ համայքների սոցիալական աջակցության մասին» օրենքով տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական և կոմունալ վճարների՝ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի 50 տոկոս փոխհատուցումներ, դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ մյուս միջոցառումը վերաբերում է Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն տրամադրելուն, որի շրջանակներում 15 մլրդ դրամից ավելի աջակցություն է հատկացվել 100 հազար քաղաքացու:
Նախարարի խոսքով՝ առաջարկվում է մարտ ամսից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով յուրաքանչյուրին 68 հազարական դրամ աջակցություն տրամադրել, բացառությամբ 18-63 տարեկան արական սեռի հաշմանդամություն չունեցող անձանց:
Ըստ Առաքելյանի՝ վերջիններիս չի տրամադրվում, քանի որ նրանց համար իրականացվում են զբաղվածության կարճաժամկետ ծրագրեր:
«Արցախում 2021 թվականի հունվարից 6 ամիս ժամկետով մի շարք ընկերությունների մասով եկամտային հարկի վերադարձ է նախատեսում և առաջիկայում Արցախի խորհրդարանի կողմից կընդունվի հարկային համակարգի փոփոխություններ՝ մի շարք ոլորտներում շահութահարկը կդառնա 0, իսկ եկամտային հարկը կիջեցվի մինչև 15 տոկոս»,- հայտնեց նախարարը և հավելեց, որ դրանց միջոցով աշխատանքի առաջարկներ կլինեն և շահառուների մի մասին կհորդորեն օգտվել դրանցից։
Նա նաև հայտնեց, որ նախկին միջոցառումների ժամանակ աջակցությունը տրամադրվել է կանխիկ իսկ հիմա բանկային քարտի միջոցով են տալու, բայց կենսաթոշակառուները և հաշմանդամներն առանց դիմում գրելու իրենց ամսական թոշակների և նպաստների հետ կստանան նաև աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ուշացումով կվճարի ՏՏ ոլորտի 64 կազմակերպության դրամաշնորհները
- Առաջացել են խնդիրներ ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ. Վահան Քերոբյան
- Լիզինգի վերին շեմը բարձրացվեց մինչև 1 մլրդ դրամ
- Գոնե հավաստիացնում են, որ այդպես է.Սուրեն Պապիկյանը՝ 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան