Այս դահլիճում կան մարդիկ, որ անբարոյականության մարմնավորում են. Ուրիխանյան
«Պետք է հստակ իմանալ՝ ով է հեղինակը այն նախագծի, որ քննարկվում է ԱԺ-ում։ Այս դեպքում պետք է իմանալ՝ ո՞վ է այն մարդը, որ պայքարում է զրպարտության դեմ, արդյո՞ք նա այն մարդը չէ, որ իր հարցազրույցներում, սոցիալական հարթակներում... զրպրտում ու վիրավորում էր իր ընդդիմախոսներին։ Արդյո՞ք այդ մարդը չէ, որ 2 տարի շարունակ խրախուսել է այդ մշակույթը ՀՀ-ում»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նրա խոսքով, այլևս որևէ իմաստ չունի բերված նախագիծը քննարկելը։
«Եթե ազնիվ եք ինքներդ ձեր հետ, ապա նախ պայքարեք ինքներդ ձեր դեմ, ապա նոր առաջարկեք մեզ գաղափարներ։ Սա չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ սրա հիմքում չկա ազնվություն»,- ասաց Անի Սամսոնյանը։
Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ, անդրադառնալով նախագծին, ասաց. «Էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի ու զրպարտութան մասին»։
Նա նշեց, որ ԱԺ դահլիճում նստած մարդկանցից երևի յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում իր մերձավորների մասին բաներ է լսել, որ նույնիսկ երբեմն մտածել է՝ բա արժի՞ շարունակել գործունեությունը։
«Բայց մյուս կողմից. այս դահլիճում կան մարդիկ, որ անբարոյականության մարմնավորում են, և ամեն առավոտ ինչ-որ մեկի գլխին բերում են այդպիսի պատմություն։ Մենք հիմա այս նախագիծը քննարկում ենք, քանի որ խնդիրը ձեր դուռն էլ չոքեց։ Որտե՞ղ է այն սահմանը, որ անհաղթահարելի էր նույնիսկ խուլիգանի համար։ Սրա մասին է պետք է մտածել։ Հայհոյելով, զրպարտելով, վիրավորելով փորձել հենց նույն բաների դեմ պայքարել, չի կարելի։ Երեկ արթնացա, և իմացա, որ նախորդ օրը մահացել եմ։ Խնդիրն ունի արմատական լուծումների կարիք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մշակած նախագծով առաջարկում է վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, պիտի քիչ տուգանվի՞»
- Սոֆյա Հովսեփյան. Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ
- Ես կողմ եմ, որ զրպարտողը 10 մլն տուգանք վճարի. Գևորգ Պետրոսյան
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան