Ռոբերտ Էմմիյանի անվան 14-րդ միջազգայինը
Անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ) անգերազանցելի մնաց նաև այս անգամ՝ Արտաշատում անցկացված ավանդական 14-րդ միջազգային մրցաշարում:
Հայտավորված էին ութ երկրների պատվիրակներ: Նրանցից մեկն էր Ֆրանսիայի չեմպիոն և ռեկորդակիր Սամիլ Շիդիրին: Նա ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր հաջողությունների գործում անգնահատելի են Ռ. Էմմիյանի խորհուրդներն ու ցուցումները: Շիդիրին ցանկացել է առաջինը ճանաչվել ու իր հաղթանակը նվիրել Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակրին: Նպատակն իրականացել է. Սամիլը 7 մ 91 սմ արդյունքով գրավել է առաջին տեղը: Պատվավոր մրցանակը նրան են հանձնել Արտաշատի փոխքաղաքապետ Լևոն Ավետյանը և Ռոբերտ Էմմիյանը: Հաջորդ երկու տեղերն զբաղեցրել են Պավել Շալինը (7 մ 89 սմ, ՌԴ) և Վլադիսլավ Մազուրը (7 մ 77 սմ, Ուկրաինա):
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը վանաձորցի Արսեն Սարգսյանն էր: Նա 7 մ 59 սմ ցուցանիշով գրավել է հինգերորդ տեղը: Սա վատ ցուցանիշ չէ: Համեմատելու համար ասենք, որ Արսենի արդյունքը 7 սմ-ով գերազանցում է Բաքվում անցկացված Եվրոպայի մարզական առաջին խաղերի ծրագրով հեռացատկի մրցաշարի երկրորդ` «արծաթե» ցատկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում