«Հայաստանը խաղաղության խաչմերուկում». մեկնակում է չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը
Սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից, Բուլղարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանից: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Երևանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Վարք հայոց», Նարեկացի արվեստի միության ժողովրդական գործիքների, Բյուրականից` «Կաթնաղբրիկ», «Խնդում», Ուջանից` «Կարոտ», Ներքին Բազմաբերդից` «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Փառատոնին կմասնակցեն նաև Բուլղարիայից` «Նյուանս», Հնդկաստանից` «Բոբբիդանս» ազգային պարի, Իրանի Իսլամական Հանրապետությունից` «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների խմբերը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում:
Սեպտեմբերի 12-ին Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանում կկայանա ժողովրդական ավանդական կենցաղի և ազգային ծեսերի ցուցադրում, կլինի երգ ու պար: Եեզրափակիչ համերգը կկայանա սեպտեմբերի 13-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` համերգներ, երթեր, ցուցահանդեսներ: Իսկ մասնակից խմբերի համար կկազմակերպվի ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Փառատոնի կազմակերպիչն է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: Փառատոնն անցկացվելու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արդեն ավանդական դարձած «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը միտված է ազգային ավանդական մշակույթն իր բուն՝ կրողների միջավայրում ներկայացնելուն: Դրա իրականացումը մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, միջազգային մշակութային երկխոսության խթանմանը և ազգային մշակույթի հանրահռչակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին