Պետական դավաճանության համար առաջարկվում է սահմանել ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության հանցակազմերի համար, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ և 302-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները՝ այն հիմնավորմամբ, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խորհրդարանոմ ներկայացնելով նախագիծը, հայտնել էր, որ առաջարկում են ամենախիստ դատապարտելի արարք համարել թշնամու կողմն անցնելը, պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը։
Բացի այդ, ըստ նրա, դատապարտելի արարք պետք է համարվի օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակել կամ պահելը, օտարերկրյա հետախուզության հանձնարարությամբ այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև արտաքին և ներքին անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պաշտպանունակությանը վտանգող քայլեր և գործողություններ իրականացնելը:
Պատգամավորը հայտնել է նաև, որ նախագծով առաջարկվում է նման հանցանքների համար սահմանել ամենախիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում գույքի բռնագրավմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան