Դեյվիդ Ֆիլիպս․ Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի՝ հայերի դեմ ռազմական հանցագործությունների հեղինակների նկատմամբ
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի վրա։ Նրանց աջակցում էին թուրքական ռազմական և ջիհադական վարձկանները՝ զինված անօդաչու թռչող սարքերով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ նշանակության ջոկատներով:
Առնվազն 3500 հայ է սպանվել, և ավելի քան 100,000 քաղաքացիական անձինք տեղահանվել է 44-օրյա բռնի բախումների ընթացքում: Ականատեսները նկարագրում են, որ ադրբեջանցի զինվորները խեղում են մարմինները, գլխատում են խաղաղ բնակիչներին և օգտագործում արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային ռումբերը և սպիտակ ֆոսֆորը: Պատժամիջոցներն անհրաժեշտ են՝ հանցագործներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,-այս մասին Ahval News-ում գրել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների և խաղաղության կառուցման ծրագրի տնօրեն, ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ աշխատած Դեյվիդ Ֆիլիպսը, որը ներկայումս ղեկավարում է Արցախի դեմ ոճրագործությունների նախագիծը։
Դեյվիդ Ֆիլիպսը նշում է, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից տեղակայել է մինչև 2000 իսլամիստ ջիհադիստների` հայերին սպանելու համար պարգևավճար խոստանալով:
Ֆիլիպսը ներկայացնում է ջիհադականների առաջնորդների ինքնությունը:
2016 թվականից Սայֆ Բալուդը (Sayf Abu Bakr) ղեկավարում է Սիրիայի ազգային բանակի (SNA) «Համզա» խմբավորումը: Նա մասնակցել է «Ձիթենու ճյուղ» գործողություններին, Սիրիայի հյուսիսում Աֆրին ներխուժմանը և Լիբիայի քաղաքացիական պատերազմին, երկուսն էլ`Թուրքիայի հովանավորությամբ: 2013-ին Բալուդը հայտնվել է ԴԱԻՇ-ի տեսանյութում: Նա և իր վարձկան խմբերը պատասխանատու են բազմաթիվ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քուրդ կանանց առևանգման և Աֆրինում դաժան բռնաճնշումների համար: Նա Թուրքիայի ամենավստահելի և աջակցվող վարձկան առաջնորդներից է: Հաղորդվում է, որ նա և նրա մոտավորապես 500 մարդիկ տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախում կռվելու:
Մյուսը Ֆեհին Իսան է (Isa al-Turkmani), որը ղեկավարում էր SNA-ի Սուլթան Մուրադ խումբը՝ առնվազն 2015 թվականից: Նա անմիջական մասնակցություն է ունեցել հյուսիսային Սիրիայում «Եփրատի վահան» գործողություններին, «Ձիթենու ճյուղ» գործողություններին և Լիբիայի քաղաքացիական պատերազմներին: Նա և նրա ստորաբաժանումը նույնպես մեղադրվել են պատերազմական հանցագործությունների մեջ, ինչպիսիք են քուրդ զինվորների խոշտանգումները և խաղաղ բնակիչների անխնա գնդակոծումը:
Աբու Ամշանը ((Muhammad al-Jassim) Սուլեյման Շահի բրիգադի ղեկավարն է, մականունը՝ «Ալ-Ամշատ» աշխարհազորայիններ, որոնք մեծ ճանաչում ձեռք բերեցին 2018-ին՝ որպես Աֆրինը գրավող ամենադաժան խմբավորումներից մեկը: Ալ-Ամշատը մարդկանց էր առգրավում ու որպես փրկագին տարեկան աշխատում 12 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվում էր բռնաբարության և սպանության մեջ: Իսայի և Բալուդի նման, Ամշան կարևոր հավաքագրող էր Լիբիայի կողմից աջակցություն ստացող թուրքական վարձկանների համար:
Դեյվիդ Ֆիլիպսը գրում է, որ այս ջիհադիստները չեն գործել ինքնուրույն: Լեռնային Ղարաբաղի գործողությունը կազմակերպվել է Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից: Դաշտային գործողությունները ղեկավարում էին գործող թուրք հրամանատարները:
Հոդվածագիրը ներկայացնում է այն մարդկանց, ոորոնք ներգրավված են եղել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային։
Թուրքիայի ցամաքային զորքերի գործողությունների վարչության պետ, գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը վերահսկում էր Արցախում Ադրբեջանի գլխավոր շտաբը: Նախկինում նա ղեկավարում էր Թուրքիայի 2-րդ Կոմանդոս բրիգադը, որը հայտնի էր Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանությամբ: Ուլտրանացիոնալիստական աշխարհազորայինները, հայտնի որպես Գորշ գայլեր, միացան այս բրիգադին:
Թուրքական ռազմաօդային ուժերի մատակարարման և սպասարկման 1-ին կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Գիքսել Քահյանը ղեկավարել է Լիբիայում և Արցախում թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի տեղակայումը: TB2 անօդաչու թռչող սարքերը անհամար խաղաղ բնակիչների են սպանել:
Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Էնգայը Թուրքիայի ցամաքային զորքերի երրորդ բանակի հրամանատար է: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան ներկայացուցիչների խոսքով՝ Էնգայը «մասնակցել է արցախյան գործողությունների պլանավորմանը և իրականացմանը»: Նա Ադրբեջանում նկատվեց սեպտեմբերի 4-ին՝ պլանավորելով համատեղ գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի հետ:
Բացի այդ, թոշակառու թուրք գեներալ, անձնական պաշտպանական կապալառու SADAT-ի հիմնադիր Ադնան Թանրըվերդին կարևոր դեր խաղաց սիրիացի վարձկանների հավաքագրման, ուսուցման, վերազինման և տեղափոխման գործում ինչպես Լիբիա, այնպես էլ Արցախ:
Ադրբեջանը ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար է վճարել ջիհադիստ վարձկաններին: Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հիքմաթ Հասանովը համակարգում էր գործողությունները արցախյան հակամարտության հյուսիսային գծում և և հյուսիսային այլ թիրախներ գրավելու գործում:
Ադրբեջանի հարավային առաջնագծի պատասխանատուն Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովն էր: Նա գլխավորեց Ջաբրայիլի գրավումը, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ սպանվեցին:
Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Միրզաևը` ադրբեջանական ամենաբարձրաստիճան գեներալն է, որը ներգրավված էր արցախյան գործողություններում: Նա սերտ կապեր ունի MIT-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբի հետ: Բազմաթիվ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներ պատրաստվել են Թուրքիայի կողմից: Վերջերս Միրզաևը ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում:
«Արցախում, անկասկած, եղել են նաև այլ ռազմական հանցագործություններ: Կոլումբիայի համալսարանի «Արցախյան ոճրագործություններ» նախագիծը փաստագրում է ռազմական հանցագործությունները և կավելացնի հանցագործների ցուցակը` նոր տեղեկատվությունների հիման վրա։
Մենք գիտենք, թե ովքեր են կատարել այդ հանցագործությունները: Մենք չգիտենք, սակայն, արդյո՞ք Բայդենի վարչակազմը աչք կփակի Արցախում տեղի ունեցած վայրագությունների վրա, թե՞ հանցագործներին պատասխանատվության կենթարկի: Ի տարբերություն նախորդ վարչակազմի, ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն այժմ ավելի կոշտ դիրքորոշում են ցուցաբերում Թուրքիայի և նրա տարածաշրջանային նենգ գործողությունների նկատմամբ: Այն պետք է վերահաստատի իր նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որը ներառում է ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես պաշտոնական միջնորդներ: Լեռնային Ղարաբաղը դեռ փոշու տակառ է, որը կայունանում է միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:
ԱՄՆ-ը պետք է պատժի ենթարկի հանցագործներին՝ նրանց և նրանց ընտանիքների նկատմամբ ճանապարհորդության արգելք սահմանելով՝ միաժամանակ սառեցնելով նրանց արտասահմանյան ակտիվները: Այն նաև պետք է գործերի նյութերը տրամադրի ԻՆՏԵՐՊՈԼ-ին և պահանջի կարմիր տեղեկագրեր՝ նրանց ձերբակալումը:
Պատերազմի հանցագործներին պատասխանատվության ենթարկելը Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև նրանց ջիհադիստ վստահված անձանց կողմից մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու լավագույն միջոցն է»,-գրել է Դեյվիդ Ֆիլիպսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան