Մենք հասնելու ենք այս իշխանության հեռացմանը, որևէ մեկը թող չկասկածի. Իշխան Սաղաթելյան
«Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, եղավ քաղաքացիների հետ բաց զրույց: Փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ հավաք էր»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաք-քննարկումից հետո լրագրողերին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հարցին՝ իշխանությունն ասում է հանրային պահանջ չկա, ինչի համար արտահերթ ընտրությունների չեն գնում, նա պատասխանեց. «Հետաքրքիր է՝ իշխանությունն այդ հարցումն որտե՞ղ է արել՝ իրենց խմբակցության ներսո՞ւմ, թե՞ Ադրբեջանի միլի-մեջլիսում: Եթե իշխանությանը թվում է, որ կարող են մեր հայրենիքի մի կարևոր մասը զիջել, ունենք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, 10 հազարից ավելի հաշմանդամներ, և այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի շարունակել իշխել մեր ժողովրդին, ինքը չարաչար սխալվում է:
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանության հեռացման հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի»:
Ի. Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենք իրենց մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու են. «Բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը համաժողովրդական, հանրային ճնշման միջոցով է լինելու: Մենք հասնելու ենք դրան, որևէ մեկը թող չկասկածի:
Եթե իշխանությունները չեն հասկանում, չեն գիտակցում երկրում ստեղծված իրավիճակը, պարզապես պետք է իրենց քշենք և վերջ»:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու և ինքը միշտ կաջակցի ապստամբությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Կիսում եմ այդ տեսակետը: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի: Դա իր բնական իրավունքն է: Եթե կա մի կառավարություն, որ իր սեփական ժողովորդին ու պետությանը տանում է կործանման, այդ ժողովուրդն իրավունք ունի դուրս գալ փողոց, ապստամբություն բարձրացնել, անհնազանդություն հայտնել և հեռացնել այդ իշխանությանը»,- ասաց նա:
Ի. Սաղաթելյանն ընդգծեց՝ քանի այս մարդը գտնվում է Հայաստանի վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու խաղաղություն, կայունություն, առաջընթաց, գնալով մաշվելու ենք, թուլանալու:
«Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջն այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի: Վստահ եմ, որ դա կդառնա համաժողովրդական պայքար և այս իշխանությունը կհեռացվի»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Իշխան Սաղաթելյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ, մինչդեռ նախորդ 2,5 տարվա ընթացքում ամեն շաբաթ գնացել են, նկարվել են, քեֆ են արել, կամուֆլյաժները հագել ու ասել՝ կեցցե հայոց բանակը, ազգը, պետությունը պաշտպանված է:
«Ինչու չեն գնում Արցախ: Ադրբեջանցիները թույլ չեն տալի՞ս, թե՞ գնան ինչ ասեն: Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- նշեց նա:
Ըստ Ի. Սաղաթելյանի, այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության ճանապարհով վերարտադրվելն իրենց համար մեծ խնդիր է լինելու, շանս չունեն, քանի որ հասարակությունն արդեն գնահատում է ստեղծված իրավիճակը, և այն փորձանքն ու ողբերգությունը, որ այս կառավարությունը բերեց իր գլխին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան. Բաբայան
- Մենք պետք է կոտրենք այս իշխանության ոտքերը՝ իր հենարանները. Մանուկյան
- Ռազմագերիների վերադարձի հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից. Մանուկյան
- «Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան Ալիևը տալաշ-տալաշ վերցնելու է, որ հետո որոշի՝ Արցախի կարգավիճակը»
- Երբեք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձևով ամբողջ երկիրը ոչնչացնում և ծախում է. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում