Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
«Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի...». Հրանտ Մաթևոսյան, «Աշնան արև»
Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:
Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային ոճով շարադրել է իր կենսագրականը.
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով:
Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ «Աշնան արև:
Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք» գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը», «Ողջ է, աշխատում է Տերը» մեծածավալ գործի, «Եզրով» վիպակի, «Մեռելալույս - Рассеянный свет» վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ին։
Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին։
«Ո՞վ է հայը:
- Չի ընկնում մինչև հատակը և չի բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը»: Հրանտ Մաթևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին