Միջերկրածովյան երկրներն անցկացնում են «Բարեկամության ֆորում»՝ առանց Թուրքիայի
Նախօրեին Աթենքում տեղի ունեցավ «Ֆիլիայի ֆորումի» առաջին հանդիպումը Միջերկրածովյան երկրների միջև, որին մասնակցում էին Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ֆրանսիան նույնպես դիտորդի կարգավիճակով մասնակցեց հանդիպմանը:
Մասնակիցները նշել են, որ համաժողովի նպատակն է «բարելավել համագործակցությունը անվտանգության, առողջապահության, էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ Միջերկրական ծովի արևելքից մինչև Պարսից ծոց»։ Այս մասին գրում է Ahval News-ը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ֆորումին մասնակցում էր հեռավար:
Հունաստանի և Թուրքիայի միջև Արևելյան Միջերկրական ծովում բնական պաշարների տարածքային իրավունքների շուրջ վեճի վերաբերյալ մասնակիցները մեծապես աջակցում են Հունաստանին, գրել է հունական Kathimerini օրաթերթը:
«Հունաստանի համար բնական է առաջարկել համագործակցության այս ռահվիրա տարբերակը։ Այնուամենայնիվ, մեր լայն հարևանության բազմաչափ մարտահրավերները դա նույնպես պահանջում են», - ֆորումի բացման խոսքում ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Իր խոսքում Միցոտակիսը շեշտել է հարգանքը միջազգային և ծովային օրենսդրության, ինչպես նաև անկախությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր երկրների համար՝ «առանց օտարերկրյա միջամտության»:
«Մեր երկրները կապված են անցյալից եկող սերտ հարաբերություններով։ Մեր նախաձեռնությունը բաց է բոլորի համար ու ուղղված չէ որևէ մեկի դեմ»,-ասել է Միցոտակիսը։
Մասնակից երկրներն աջակցում են «Կիպրոսի հիմնախնդրի արդարացի, ֆունկցիոնալ և կայուն լուծմանը», ինչը «պատահական չէ», քանի որ, Միցոտակիսի խոսքերով, նրանք «հավատարիմ են մեր կարևոր աշխարհառազմավարական տարածաշրջանում խաղաղություն և առաջընթաց ապահովելուն»:
Ֆորումի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ «ներառյալ զարգացումները Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում, Կիպրոսի հիմնախնդիրում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում և Արևելյան Միջերկրական ծովում»։ Ֆորումի նախարարները «խիստ հավատարմություն» են հայտնել «պետությունների ինքնիշխանության, ինքնիշխան իրավունքների, անկախության և տարածքային ամբողջականության հարգմանը, տարաձայնությունների խաղաղ լուծմանը և սպառնալիքի կամ ուժի գործադրման մերժմանը, այլ երկրների գործերին չխառնվելը», ասվում է ֆորումի ավարտից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միցոտակիսը «սադրում է» իրեն, և Հունաստանի վարչապետին մեղադրում է «իր տեղը չիմանալու» մեջ այն պատճառով, որ Միցոտակիսը հայտարարել էր, որ Կիպրոսի հարցում չի լինելու երկու պետության ստեղծում, ինչը պաշտպանում է Էրդողանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան