Ռազմագերիների վերադարձի հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից. Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ առաջին կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությունը չէր լինի, եթե պատերազմի ընթացքում, ինչպես ինքն էր առաջարկել, փոխեին Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա, կլիներ պայմանագիր, բայց այլ բովանդակությամբ, ավելի օգտակար հայկական կողմի համար:
«Եթե հաջողվեր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դեն շպրտել նրան, ապա չէր լինի այս 6 կետանոց պայմանագիրը: Չեմ իմանում՝ երբ է ստորագրված, բայց իր ուժը կորցրած կլիներ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարցին՝ երբ որ գաք իշխանության, մտադի՞ր եք այդ համաձայնագրերը, հայտարարությունները չեղարկել, Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն ասաց. «Բացարձակապես համաձայն չեմ այդ եռակողմ համաձայնագրի հետ, բայց դա չի կարևորը՝ համաձայն եմ, թե ոչ, չեղարկվի կամ ոչ: Այդ պայմանագրի հետևը կանգնած են զինված ուժերը, և եթե փաստաթղթի հետևը կանգնած են զինված ուժեր, դու համաձայն լինես, չլինես, տվյալ պահին կարող ես կատարես՝ մտածելով հետագայում ոնց ես փոխելու իրավիճակը»:
Կրկնվող հարցին՝ գալով իշխանության, մտադի՞ր է այդ համաձայնագիրը չեղարկել, Վազգեն Մանուկյանն ընդգծեց. «Միայն այն դեպքում, երբ որ կունենանք համապատասխան ուժ և համաձայնություններ տարբեր դաշնակիցների հետ: Միանգամից ոչ»:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ այսօր ամենակարևոր հարցերից է ռազմագերիների վերադարձը: Ըստ նրա, այս հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից:
«Ես այն տպավորությունը չեմ ստանում, որ իրենք վառված են դրանով: Ոչ թե իրենք դեմ են գերիներին, այլ ուրիշ զբաղմունք ունեն՝ իշխանություն պահել, ինտրիգներ անել, բայց Հայաստանը մեծ ջանքեր պետք է թափի ու ուղղված լինի միջազգային կառույցներին, ռուսական կողմին, որն այստեղ վճռական դեր կարող է խաղել: Միաժամանակ պետք է կարողանալ բանակցել Ադրբեջանի հետ: Բայց հիմա Ադրբեջանի, Թուրքիայի հետ ցանկացած բանակցություններում, Հայաստանի այսօրվա իշխանությունները հանդես են գալիս խեղճի, պարտվածի կարգավիճակով, այդ պատճառով այս իշխանությունները հարցերը չեն կարող լուծել»:
Հարցին, թե որտեղից այն վստահությունը, որ կարող է երկիրը ճգնաժամային կառավարման ընթացքում դուրս հանել ստեղծված իրավիճակից, Վազգեն Մանուկյանը նախ նշեց, որ հնարավոր չէ մեկ տարում անել մի բան, որ ալիքը քո դեմ չգա:
«Հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործին: Նույնիսկ այնքան կարևոր չէ իմ վստահությունը, ինչքան ուրիշների վստահությունը, որ միգուցե իրենց համար, իսկ ինձ համար հաստատ, որ դա կհաջողվի: Եղել եմ Ղարաբաղյան շարժման ղեկավար, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար, Հայոց համազգային շարժման առաջին ղեկավար, երբ որ շատ բարդ պայմաններում Խորհրդային միությունում կարողացանք առանց զոհերի գործն առաջ տանել, ստանալ անկախություն, ստեղծել մեր պետությունը:
1992 թվականին, երբ որ մեր բանակը պարտվում էր փայլուն հաղթանակներից հետո, ինձ նորից առաջարկեցին պաշտպանության նախարարի պաշտոնը: Դրանից հետո մենք հետ վերցրեցինք նաև այն տարածքները, որոնք հիմա հանձնվեցին:
1996 թվականին ես եղա միասնական թեկնածու: Այսինքն՝ գործառույթները, որոնք իրականացրել եմ, տպավորություն են թողնում շատերի մոտ, որ կրիտիկական պահերին ես կարող եմ օգտակար լինել: Դրա համար ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնվեցի, չնայած ինձ համար շատ դժվար էր»,- ասաց նա։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն առաջիկայում կներկայացնի իրենց ծրագիրը: Արտաքին քաղաքականության հետ կապված ծրագիրն, ըստ նրա, արժի ներկայացնել դահլիճային հանդիպման ժամանակ մասնագետների մասնակցությամբ:
«Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, երկու հատված է: Առաջին ծրագիրը պետք է իրականացնի ժամանակավոր կառավարությունը, կապված սոցիալական հարցերի հետ, և կան ավելի երկարածավալ տնտեսական ծրագրեր, պետք կգան հաջորդ իշխանություններին»,- նշեց նա:
Վ. Մանուկյանի խոսքով, երբեմն իրենից պահանջում են ներկայացնել կառավարության ցանկը. «Նախ և առաջ վտանգն այն է, որ այդ մարդկանց անմիջապես թիրախավորում են, ընկնում են հարվածի տակ, երկրորդ՝ կարևոր է, թե ինչ ճանապարհով է շարժումը գալիս իշխանության, որովհետև եթե ԱԺ-ում կարողանում ես մեծամասնություն ապահովել, այդ դեպքում կադրային խաղի կանոնները մի քիչ փոխվում են»:
Հարակից հրապարակումներ`
- Երբեք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձևով ամբողջ երկիրը ոչնչացնում և ծախում է. Մանուկյան
- Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
- Հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ, թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ. Վազգեն Մանուկյան
- Փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ. Վազգեն Մանուկյան
- Ինչպես է 1974 -ին Վազգեն Մանուկյանը համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը
- ՀՀ ապագան տեսնում եմ երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն. Վազգեն Մանուկյան
- Թե ինչպես Վազգեն Մանուկյանն ու ընկերները փրկեցին Նախիջևանից խաչքարեր
- Մարդիկ ամենակարևոր բանն են կորցրել՝ հավատք, որ մենք կարող ենք ունենալ նորից ուժեղ պետություն․ Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյան. Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան