ԱԺ քննիչ հանձնաժողովը COVID-19-ի առնչությամբ ավելի քան 250 հարց է ուղղել կառավարությանը. Խաչատրյան
«Այս պահին իմ աշխատանքը հիմնականում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովում է ծավալվում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Նա ներկայացրեց, թե մինչ այս պահն ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը։
«Հունվարի 25-ին տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում պատգամավորներին կոչ է արվել ներկայացնել առաջարկություններ՝ հարցերի վերաբերյալ, որոնք պետք է ուղղվեն կառավարությանը: Երեկ քննիչ հանձնաժողովի կողմից կառավարությանն ուղղվել է 251 հարցից բաղկացած հարցաշար՝ կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձման, թեստավորումների, մեկուսացման վայրերի, ախտանշան ունեցող, բայց թեստով չհաստատված հիվանդների բուժման և շատ այլ հարցերի առնչությամբ: Հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ-ին»,- ներկայացրեց պատգամավորը։
Մանրամասնելով Կառավարությանն ուղղված հարցերը՝ Արկադի Խաչատրյանն ասաց, որ ուզում են հասկանալ, թե ինչո՞ւ չեն իրականացվում դիահերձումներ, եթե դիահերձում չի արվում, ինչպե՞ս է որոշվում, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:
«Կամ արդյո՞ք հասանելի և մատչելի էր քաղաքացիների համար թեստավորման արժեքը, այդ թեստավորման արժեքը չպե՞տք է լիներ պետական կարգավորման ենթակա: Ինչո՞ւ մարդը չէր կարողանում ստանալ բուժում պետպատվերի շրջանակում և շատ դեպքերում դառնում էր նաև վարակի տարածման աղբյուր, երբ ուներ կորոնավիրուսի բոլոր ախտանիշները, սակայն թեստի պատասխանը բացասական էր։ Կամ ինչպե՞ս են որոշվել մեկուսացման վայրերը, մեկ աղբյուրո՞վ են գնումները կատարվել, թե՞ մրցութային»,- նշեց նա:
ԼՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ փետրվարի 16-ին տեղի կունենա քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կներկայացվի հարցաշարերի մասին ընդհանուր տեղեկատվություն և կորոշվեն պետական պաշտոնյաներին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքները և մոտեցումները: