Ի՞նչ ունենք առավել թանկ, քան Արցախը. Ջիվան Ավետիսյան
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը 2018-ից աշխատում է «Վերածնվածը» ֆիլմի վրա, որի մի մասը նկարահանել է Արցախում։ Նա հենց Արցախի մասին ֆիլմերով է հայտնի, որոնցից են՝ «Թևանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»։ Panorama.am-ի հարցին, թե ինչու է այդ թեման ընտրել, Ջիվանը պատասխանում է. «Ի՞նչ ունենք առավել թանկ, քան Արցախը։ Կյանքեր ենք դրել Արցախի համար, ինչո՞ւ չպատմել այդ մասին»։
Արդյոք, պատերազմից հետո իմաստ ունի շարունակել այդ ֆիլմի նկարահանումները, թե ընդհատել են աշխատանքները հարցին, Ջիվան Ավետիսյանը սրտնեղած պատասխանում է. «Ինչպե՞ս թե, հիմա ավելի, քան երբևէ Արցախը մեր կարիքն ունի։ Ավելի շատ պիտի պատմենք նրա մասին, ավելի շատ պիտի աշխատենք։ Քառակի անգամ շատ՝ և ամեն մեկս մեր տեղերում, մեր գործն անելով։ Այս պատերազմով Արցախը չի վերացել. չի կարելի հուսահատվել։ Եվ հիմա մեր ասելիքը պիտի ուղղված լինի նրան, որ դեռ գալու է իրական հաղթանակի ժամանակը։ Ես դեռ փոքր տղա էի, որ մեր գյուղի՝ Խաչմաչի գլխին գտնվող բլրերից նայում էի դեպի Շուշի. տեսել եմ Շուշին թե՛ կրակների մեջ, թե՛ ազատագրված։ Կրակի մեջ տեսնելուց հետո, եթե չհավատայինք, որ այն մի օր կրկին մերն է լինելու, գուցե և չլիներ։ 90-ականներից հետո էլ, թերևս մեր թիմի համար պատերազմն ավարտված չի եղել․ մենք մեր գործով ամեն օր փորձել ենք նպաստել հաղթանակի ամրագրմանը։ Եվ մեր ֆիլմերը՝ միջազգային արտադրության, հենց այս նպատակն են ունեցել՝ աշխարհին ներկայացնել Արցախն ու հայերի անցած ուղին, ինչպես նաև ներկան։ Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ ընդունում, չեմ հասկանում այն մարդկանց, որ փախչում են իրականությունից, թեպետ, ինչքան էլ փախչես, ինչքան էլ քեզ մոդայիկ թեզերով շեղեն, միևնույն է գալու է ինքնությունը գտնելու ժամանակը։ Ինչպես լինում է մեր նոր ֆիլմի հերոսի՝ Մյուրատի հետ»։
- Իսկ ի՞նչ է լինում նրա հետ, որն է այդ գաղտնիքը, որի շուրջ հյուսվում է պատմությունը։
-ֆիլմի հիմնական ասելիքը տուն վերադարձն է. տուն բառի լայն իմաստով: Կյանքը ուր էլ նետի, ինչ էլ կատարվի հետդ, ինչքան էլ անհնարին թվա ինքնությանդ կորած ափերը գտնելը, միևնույն է այդ ժամանակը գալու է և դու ինքդ քեզ գտնելու ես։ «Վերածնվածը» սիրո, ինքնաճանաչման ու ինքնափնտրտուքի պատմություն է։ 1993 թվականին Արցախում տեղի է ունեցել մի դեպք, որը մինչ օրս չեն ներել ժամանակը, տարածությունը, մարդկությունը, երկինքն ու տիեզերքը։ Եվ ահա ֆիլմում պիտի վերադարձ կատարվի այդ կետ և Ֆրանսիայում մեծացած արցախցի Մյուրատը փորձում է գտնել իրեն, իր արմատները... և սա գուցե մի ամբողջ ազգի և ժողովրդի մասին է։ Եվ եթե մեր հերոսը ՝ Մյուրատը, իր ինքնությունը գտնելու համար գալիս է Արցախ, գուցե մենք էլ պիտի փորձենք մեզ գտնել, որ հասկանանք ինչ կատարվեց և ինչու։ Սցենարի մասին շատ մանրամասներ չէի ցանկանա պատմել, միայն ասեմ, որ ֆիլմի պատմության, սցենարի վրա սկզբում աշխատում էր Նարինե Ոսկանյանը։ Ստեղծագործական թիմն ընդլայնվեց, երբ 2019-ին Բեռլինում կարողացանք համագործակցություն ստեղծել գերմանացի Ժան Վագների հետ, ով միացավ մեր թիմին՝ որպես սցենարի խորհրդատու։ Այնուհետև՝ ամերիկաբնակ Մոնիկ Պետերսոնի հետ, ով նույնպես միացավ մեզ և աշխատում է ֆիլմի դիալոգների վրա: Կարողացել ենք նաև մի քանի երկրից ֆիլմի շուրջ համախմբել տարբեր պրոդյուսերների, որոնք հետաքրքրված են այս կինոնախագծով:
Ինչ վերաբերում է դերասանական կազմին, որոշ կերպարներ ադեն իսկ հստակեցված են, որոշների հետ բանակցում ենք: Լինելու են դերասաններ Հայաստանից և արտերկրից: Օտարերկրյա դերասնների անուները չեմ տա, կան շատ հայտնի դեմքեր, պարզապես, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ամեն անգամ նոր անուն լսելիս, նրանց սկսում է ճնշել, նեղել և դերասանները անցնում են ծանր հոգեբանական բռնությունների շղթայով՝ ընդհուպ մինչև դեսպանատներ են հրավիրվում, վերջնագրեր են ներկայացվում։ Զուտ նրանց ապահովության համար անուններ դեռ չեմ տա։
- Օտարեկրացիների հետ աշխատելը թանկ հաճույք չէ՞։ Բացի այդ ֆիլմի նկարհանումները միայն Հայաստանով չեն սահմանափակվելու, կարծես թե։ Ինչպե՞ս եք գումար հայթայթում։
- Ֆիլմում դեպքերը ընթանում են մի քանի երկրում՝ Իսրայելում, Իսլանդիայում և Ֆրանսիայում...այո, թանկ հաճույք է, բայց կան տարբեր ֆոնդեր, որոնց էլ կդիմենք։ Նախորդ ֆիլմի ֆինանսավորումն ապահովելիս ձեռք բերեցինք փորձ, որը կկիրառենք նաև այս անգամ՝ տարբեր ֆոնդերի կողմից աջակցություն, անհատների ներդրում-նվիրատվություններ, համապրոդյուսերների ներդրումներ և այլն: «Դրախտի դարպասը» ֆիլմի համար «քրաուդֆանդինգի» միջոցով շուրջ 40 հազար դոլար կարողացանք հավաքել:Առաջիկայում նախատեսում ենք քրաուդֆոնդինգային արշավ նաև «Վերածնվածը» ֆիլմի համար:
-Ի՞նչ եք կարծում, իսկ հայ հանդիսատեսն ինչ խոսքի կարիք ունի, ինչ ասելիք կա, որ պիտի հասնի հայ ժողովրդին։
-Հայ հանդիսատեսը, հայ ժողովուրդը կարիք ունի ազնիվ, անկեղծ խոսքի, կարիք ունի այն արժեքների, որոնց կրողն է ինքը։ Մեզ գիտակցության է պետք բերել։ Հանձնվել չկա, ապատիայի մեջ ընկնել չկա, չերազելն արգելված է, հավատքը կորցնելն արգելված է։ Ամեն ինչ լավ է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում
- Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել. Ջիվան Ավետիսյան
- Ջիվան Ավետիսյանն իր նոր կինոնախագծով ներգրավվել է կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմի ծրագրին
- «Black list». Ջիվան Ավետիսյանը ֆիլմ է նկարահանում բլոգեր Լապշինի պատմության մասին
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում
- Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» առաջադրված է 74-րդ «Ոսկե Գլոբուս»-ին
- Ով Հայաստանում նկարահանում է ֆիլմ, առնվազն 15 րոպե պետք է նրան ծափահարել. Ջիվան Ավետիսյան
- «Ղարաբաղյան պատերազմի մասին քիչ են ֆիլմեր նկարահանվում». Ջիվան Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին