«Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան Ալիևը տալաշ-տալաշ վերցնելու է, որ հետո որոշի՝ Արցախի կարգավիճակը»
«ԱԱԾ-ն իրավունք չունի հայտարարելու, թե լրագրողներն առանց նախապես թույլտվություն ստանալու չեն կարող Սյունիքում նկարահանումներ անել։ ՀՀ սահմանադրությամբ հստակ նշված է՝ ՀՀ տարածքում փակ զոնաներ չկան»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Դիտարկմանը, որ ինքը նախքան պատերազմը ասել էր, թե Ալիևի փոխարեն լիներ, կհարձակվեր Հայաստանի վրա, Հրանտ Բագրատյանն արձագանեց. «Լավ արեցի»։
Իր այդ հայտարարությունը ՀՀ նախկին վարչապետը հիմնավորեց նրանով, որ դեռ 2020-ի հունվարին ինքը նախազգուշացնում էր հայկական կողմին, որ շուտով թշնամին հարձակվելու է, իսկ մարտին հարց էր բարձրացնում, թե թշնամական ԱԹՍ-ների դեմ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ-ն։
«Հունիսին էլ սկսեցին «Оса-АК» առնել, ասացի՝ էս ի՞նչ եք անում, արա՛, չե՞ք հասկանում, որ հարձակվելու են։ Հունիսին ասացի, որ 4 ամսից թշնամին հարձակվելու է, 3 ամիս 27 օր հետո հարձակվեց։ Ինձ պետք է շնորհակալություն հայտնեն»,- նկատեց նա։
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իր այդ նույն հայտարարությունը, թե Ալիևը ճիշտ կանի, եթե հարձակվի, ուղղորդել է թշնամուն, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Ուրեմն Ալիևն ինձնի՞ց էր հրահանգավորվում։ Ես ընդամենն ասում էի, թե ինչ է առել Ալիևը։ Ինքն ինձնի՞ց էր իմանում»։
Մեկ այլ դիտարկմանը՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վտանգավոր է համարում իր հայտարարությունները, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Անդրանիկ Քոչարյանը մուտիլովշչիկ է, որ դատենք, խելքը գլուխը կհավաքի»։
Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ԳՇ նախկին պետը հայտարարում, որ «Оса-АК»-ները արդյունավետ են, Հրանտ Բագրատյանը պատասխանեց, ասելով, թե ԳՇ նախկին պետը «գլուխը պատին է տալիս»։
ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ ցանկացած պահի կարելի է համացանցում փնտրել ու գտնել, թե ինչ կարելի է անել բայրքթարներով, և ինչ հնարավորութուն ունեն «Оса-АК»-ները։
Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցողին, ապա Հրանտ Բագրատյանն ասաց, որ ՀՀ-ից տարածքներ են խլում։
«Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղում մնացել է 2.5 հազար կմ քառակուսի, Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև Նախիջևան տալաշ-տալաշ Ալիևը վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ այդպիսի հանցավոր գործարք գոյություն ունի։ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն հատվածներում ճանապարհը հայկական է, իրենք տեղ-տեղ անցել վերցրել են»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ քարտեզագրումը կատարվում է «Google»-ի միջոցով, Հրանտ Բագրատյանն արձագանքեց՝ ասելով, թե այդ ո՞վ է որոշել, որ «Google»-ը ճիշտ է։
«Կամ այդ քարտեզները «Google»-ը որտեղի՞ց է վերցրել, օդի՞ց է վերցրել։ Այդ ճանապարհը կառուցվել է խորհրդային տարիներին։ Էն ժամանակ կային ռազմական քարտեզներ, «Google»-ը կաշառքը վերցրել է, գիծը տարել է, վաղը կարող է էդ գիծը էլի բերեն այս կողմ։ Սահմանները պետք է որոշվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում։ Դելիմիտացիա արված է, բայց դեմարկացիա չկա։ Եթե մեկն ասում է, թե ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն ՀՀ չկա։ Եթե սահման չկա, պետություն չկա»,- ընդգծեց նա։
Նա շեշտեց՝ ՀՀ տարածքային ամբողջականության պատասխանատուն ՀՀ նախագահն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները. ՊՆ
- Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան